«Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԳՆ
 |azatutyun.am|
15:24 - 30 հունվարի, 2023

«Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեվերջյան ասուլիսին ուղղված հարցերի գրավոր պատասխաններից մեկում, որոնք այսօր հրապարակել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Դրա հիմքը հանդիսանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Վստահ ենք, որ [կարգավորման] գործընթացի հաջողությունը ամբողջությամբ կախված է եռակողմ հայտարարությունների դրույթների հստակ կատարումից», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռուսաստանը, որ անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգիռ է, որպեսզի այստեղ կայունություն և բարգավաճում լինի, որպեսզի բացահայտվեն և փոխշահավետ կերպով օգտագործվեն տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունները։ Մեր դիվանագիտության ջանքերը հենց դրան են ուղղված», - ասված է հայտարարության մեջ։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։ «Մենք երկուսի հետ էլ սերտ կապ ենք պահպանում: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներ են ստեղծում, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել