Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից |armenpress.am|
20:35 - 30 հունվարի, 2023

Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց:

Այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը:

«Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,-ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ  ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման էր ենթարկվել: Ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության երկու պահակներ վիրավորվել էին։ Հանցագործը ձերբակալվել էր։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր՝ ըստ նախաքննության արդյունքների՝ հարձակումը կապված է հարձակվողի անձնական դրդապատճառների հետ։ Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրել էր դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվել էին և հասել Բաքու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել