Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ
 |civilnet.am|
18:12 - 31 հունվարի, 2023

Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկը (ԿԲ) չի փոխել նախորդ կանխատեսումը, համաձայն որի՝ 2023-ին ակնկալում է 4,6% տնտեսական աճ: Այդ մասին հունվարի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Մինչ ասուլիսը կենտրոնական բանկի խորհրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%: Պատճառները, ինչպես նշեց ԿԲ նախագահը, մի քանիսն են` ձևավորվել են արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացման ակնկալիքներ, բացի այդ, դրամի արժևորման, զսպող դրամավարկային քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է:

2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, իսկ տարվա կտրվածքով բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9,5%:

Թեև 2022-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,2%, որն աննախադեպ ցուցանիշ է նախորդ 15 տարիների համար, 2023-ի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումները բավականին զուսպ են․ «Մեր կանխատեսումները չեն փոխվել: Կարծում ենք, որ այս տարի գրանցվելու է 4,6% տնտեսական աճ», – նշել է Մարտին Գալստյանը` հավելելով, որ տնտեսական աճ ապահովող հիմնական երեք ճյուղերն են լինելու շինարարությունը, արդյունաբերությունը և ծառայությունները:

ԿԲ նախագահի գնահատականով` անցյալ տարի ռեկորդային՝ 28% աճ գրանցած ծառայությունների ոլորտում 2023-ին աճի տեմպը կթուլանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել