«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|
13:01 - 03 փետրվարի, 2023

«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|

aravot.am: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն ունի հանձնառություն՝ Արցախի անվտանգության եւ այլ հարցերին տեր կանգնելու։ Այս կետերի շուրջ իշխանությունը մեր հետ համաձայն չէ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանության հետ իրենց սկզբունքային տարաձայնությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, ընդդիմությունը՝ ոչ․ «Իշխանությունը գտնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չպետք է լինի օրակարգում, մենք՝ ոչ։ ՀՀ իշխանությունը հրաժարվում է այն իրական հանձնառությունից, որը մեր օրենսդրության հիմքում է եւ պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է։ Արցախյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ Լաչինի միջանցքի փակման եւ Արցախի շուրջ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2018թ․-ի մայիսից․ «Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում հիշեք։ Նա ասաց, որ չի բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետեւ չունի մանդատ, թող իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Հիմա էլ են նույն բանն ասում, թե ի՞նչ կապ ունեն Լաչինի միջանցքի բանակցությունների հետ։ Մայիսից այդ գործընթացը հանգեցրեց խնդիրների, բերեց պատերազմ, իսկ հիմա մի վիճակի, երբ ՀՀ-ն ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետեւ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս՝ հիմնարար փոփոխություն մտցնելով բանակցային տրամաբանության մեջ, որովհետեւ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը։ Եթե Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, էլ ի՞նչ Լաչինի միջանցք։ ՀՀ իշխանությունը չի էլ հերքում, որ Ղարաբաղն ընդունում է որպես Ադրբեջանի մաս։ Իրենք դա նաեւ քարոզում են, խոստովանում են, որ չեն կարող ստորագրել մի հայտարարության տակ, ըստ որի՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը եւս ասել է, որ ՀՀ-ն Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինելուն, եւ հերքում չկա»։

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել