Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել


 

 |armenpress.am|
13:45 - 06 փետրվարի, 2023

Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։ Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած ցավակցական հեռագիրը:

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում։

Պուտինը Էրդողանին խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են տարերային աղետի հետևանքով։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս առնչությամբ», - վստահեցրել է ՌԴ նախագահը:

Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը նաև «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։

«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման հույս ունենք և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար», - նշել է ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել