armtimes.com: ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Բասամ Սաբաղը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ վերջինս վստահեցրել է՝ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային երկրաշարժի հետ կապված։
«Ես հենց նոր հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, գլխավոր քարտուղարը մեզ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային այս շատ ծանր իրավիճակում», - ասել է մշտական ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյո՞ք Դամասկոսը մտադիր է թույլատրել օգնությունն այլ անդրսահմանային միջանցքներով, դիվանագետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնություն տրամադրել Սիրիայի ներսում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
comment.count (0)