Թբիլիսիի դատարանը մերժեց Սաակաշվիլիին ազատելու դիմումը
 |azatutyun.am|
15:54 - 07 փետրվարի, 2023

Թբիլիսիի դատարանը մերժեց Սաակաշվիլիին ազատելու դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից ազատ արձակելու դիմումը:

Դատավոր Գիորգի Արևաձեն փետրվարի 6-ին ասել է, որ 15 լսումների ընթացքում 24 վկաներ են հարցաքննվել, ելույթներ են ունեցել պաշտպանները, բայց նրանք այդպես էլ չեն ներկայացրել հայտը բավարարելու համար անհրաժեշտ փաստարկներ:

«Բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլիի հիվանդության պատճառով պատիժը հետաձգելու կամ նրան ազատելու միջնորդությունը մերժվում է: Որոշումը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում», - ազդարարել է դատավորը:

Նրա որոշումը դահլիճում ներկա Սաակաշվիլիի մտերիմների և աջակիցների վրդովմունքն է հարուցել:

«Բրավո: Բրավո: Շատ ոգևորիչ է, իհարկե, ես ոչ մի ակնկալիք չունեի: Այլ բան չէինք սպասում ոչ ես, ոչ էլ որդիս», - զայրացած ու հեգնանքով ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան:

Փողոցում էլ դատարանի շենքի մոտ հավաքված մեծ թվով մարդիկ նույնքան զայրացած են արձագանքել նախկին նախագահի փաստաբանների դիմումը մերժելու դատավորի վճռին:

Ինքը Սաակաշվիլին փաստաբանների միջոցով հանրությանը փոխանցել է հայտարարություն, որում ասվում է, թե դատավոր Արևաձեի որոշումը «ստեղծված հանգամանքներում ոչ այլ ինչ է, եթե ոչ մահվան դատավճիռ»:

«Մենք կդիմենք Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս դատարանը կարող էր իր պատիվը փրկել, բայց ձեռքից բաց թողեց հնարավորությունը», - ասել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն:

Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: Նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մի շարք այլ հոդվածներով:

Վրաստանի նախկին նախագահը կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ հայրենիքում քաղաքական հալածանքների է ենթարկվում:

Նրա աջակիցները պնդում են, որ Սաակաշվիլիի դեմ արշավը «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարությունը Ռուսաստանի պատվերով է իրականացնում:

Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախօրեին ապօրինի ճանապարհով Վրաստան վերադառնալուց հետո:

Բանտում նա երկարատև հացադուլ է հայտարարել: Վերջին ամիսներին Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում:

Նրա բժիշկները պնդում են, որ Սաակաշվիլիին թունավորել է ծանր մետաղներով և նա կմահանա, եթե նրան չուղարկել արևմտյան մասնագիտացված հիվանդանոց:

Իշխանությունը պնդում է, որ նախկին նախագահը պատշաճ բուժում է ստանում Թբիլիսիում:

Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներում շնորհել Սաակաշվիլիին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել