Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան
12:37 - 09 փետրվարի, 2023

Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:

Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը նիստի ընթացքում ասաց, որ մարտական գործողությունների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը ներառում է  համազորային հատուկ նշանակության հետախուզական հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, ԱԹՍ-ների, ինժեներական կամ ռազմատեղեկագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ տեխնիկական թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպման ուղղված գործունեությունը։ 

Նա տեղեկացրեց, որ ատեստավորումն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեսվորման 5 կենտրոնների և 10 հանձնաժողովների միջոցով․ 
«Ատեստավորումնը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թետային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը»։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով սկսում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով, կախված պաշտոններից, կոչումից, հաստիքից (խոսքը միջին սպայական կազմի մասին է) զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի։

Վարչապետը հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ նաև Պաշտպան հայրենյաց ծրագրին, որը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո 5 տարով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր քայլ է՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին․ «Երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, երբեք նկատի չի առնվում, որ ընդհանրապես որևէ ժամկետային զինծառայություն չի լինում։ Մենք ասել ենք, որ ժամկետային զինծառայության բովանդակությունը և կառուցվածքը պետք է փոխվի, և պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Այս առումով շատ ուրախ եմ, որ մենք կարծես թե արդեն մտնում ենք  մի կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ, երբ հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո էլ  նույնպես կարող են Պաշտպան հայրենյացի տրամաբանությամբ անցնել ավելի երկար ծառայության»։ Պապիկյանն էլ հավելեց, որ կանանց զինածառայության վերաբերյալ նախագիծը արդեն շրջանառության մեջ է դրված։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել