ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր |azatutyun.am|
12:22 - 22 փետրվարի, 2023

ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն։ Այս մասին ասաց Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրահայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ են 50 դիտորդներ։ Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։ Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրեց, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։

«Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական դելիմիտացիա. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»:

«Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը առաջընթաց ունենա, դրանով հանդերձ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարվածներ էին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է», - նկատեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ 
Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են, որ Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել