Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|
10:01 - 24 փետրվարի, 2023

Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, նշել է, որ պետք է վերացվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը:

Փրայսը նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։

«Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք և ի վիճակի ենք ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ ջանքերին»,- նշել է Փրայսը։

Նա նաև հայտնել է, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, նկատել` դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել