Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը
12:27 - 28 փետրվարի, 2023

Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով։

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը առաջ է քաշվել՝ նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ, որոնց թվին դասվում են․ 
քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, որը պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությամբ օժտված լինելու հանգամանքով, քրեական գործերի քանակի շարունակական աճը, որի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը։ Մյուս կողմից, ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից։ 

Դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգում մինչև 2024 թ․-ի ավարտը նախատեսվող ատեստավորման իրականացման հնարավորությունը․ ատեստավորումը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար՝ զբաղեցրած պաշտոնին, դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակություններին համապատասխանությունը որոշելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել