Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»
14:21 - 01 մարտի, 2023

Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ այսօր՝ մարտի 1-ին, Մամեդովը Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում հանդիպում է ունեցել Արցախի ներկայացուցիչների հետ։ 

«Քննարկումներ են տեղի ունեցել Ղարաբաղում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետություն վերաինտեգրման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարի՝ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Նշվում է, որ հանդիպմանը ադրբեջանական կողմից ներկա են եղել բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը, բնապահպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքային պետական ծառայության և AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։

Հանդիպմանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Այսօր Խոջալուից (Իվանյան-խմբ․) հուսադրող նորություններ են եղել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անմիջական մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։ 

Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմից հայտնել են, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր՝ մարտի 1-ին, հանդիպել են ռուսական կողմի միջնորդությամբ։ Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը, էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Քննարկվել է նաեւ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ 

Նշենք նաև, որ ավելի վաղ եռակողմ ևս մեկ հանդիպում էր կայացել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել