Հակոբ Արշակյանը Գանայի ՏՏ նախարարին է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ
11:13 - 04 մարտի, 2023

Հակոբ Արշակյանը Գանայի ՏՏ նախարարին է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ

Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն-2023» 8-րդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այդ մասին Արշակյանը գրել է Ֆեյսբուքում:
 
«Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:
 
Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև իրավիճակը Հայաստանի շուրջ՝ նշելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։
 
Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը՝ նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսևորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։
 
«Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել են կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև Հայաստան-Գանա գործարար կապերի շփումների խթանման ու խորացման կարևորությունը»,- նշել է Հակոբ Արշակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել