«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը
16:55 - 06 մարտի, 2023

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը

ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ․

«Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում Բաքվի և Երևանի՝ բանակցություններին շուտափույթ վերադառնալու հրամայականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»:

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել