Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են. դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից. Փրայս
 |1lurer.am|
10:37 - 07 մարտի, 2023

Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են. դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Փրայսը, խոսելով Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի մասին, որի հետևանքով զոհեր են գրանցվել, պատասխանել է.

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, և ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Փրայսին հարց է ուղղվել` որևէ տեղեկություն կա՞ բանակցությունների ժամկետի վերաբերյալ. «Ինչպես ասացիք, ավագ խորհրդականը գտնվում է տարածաշրջանում, և ինչպիսին կլինեն այցի հետևանքները բանակցային գործընթացի վրա»:

Հարցին ի պատասխան` Փրայսը նշել է, որ ԱՄՆ համար ամենահստակ ազդեցությունը կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկումների հրամայականն է:

«Սա հրամայական է կողմերի համար։ Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ ձևաչափով ներգրավվածությանը արտաքին գործերի նախարարների և ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմանի, եռակողմ, բազմակողմ ձևաչափով, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի առաջմղման գործում»:

Փրայսին խնդրել են արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունը, թե ավելի լավ է լուծել խնդիրը, եթե հավատարիմ մնան Ռուսաստանի միջնորդական ջանքերին։

«Ինչու պետք է ընտրել արևմտյան միջնորդությունը» հարցին Փրայսը պատասխանել է.

«Սա հենց կողմերին ուղղված հարց է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր պատրաստակամությունն ու կամքը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնելու այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել