Վրաստանի  ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ
15:09 - 08 մարտի, 2023

Վրաստանի ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ

Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել երկրի ՆԳՆ աշխատակիցների կողմից, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ։ Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հազորդագրություն է տարածել ծառայությունը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։  Հարյուրավոր ցուցարարներ Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։

ԱՄՆ դեսպանատունը քննադատել է օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։

«Այսօր մութ օր է Վրաստանի ժողովրդավարության համար»,- ասված է դեսպանատան երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ օրինագիծն անհամատեղելի է ԵՄ-ի արժեքների հետ և հակասում է Վրաստանի՝ միությանն անդամակցելու նպատակներին։

Վրաստանի նախագահի խոսքով էլ՝ «օրինագիծը ոչ մեկին պետք չէ՝ բացի Մոսկվայից»։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, սակայն, պնդում է, որ «առանց պետական ​​լրտեսների ծրագրերից պաշտպանության՝ Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ և կկորցնի իր ինքնիշխանությունը»։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել