factor.am: Բրյուսելում այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ին Ստոկոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, գրում է almayadeen-ը։
Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռևս չեն վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը։ Ստոկհոլմում թուրքական ղեկավարության դեմ ցույցերը և Ղուրանի այրումը յուղ լցրեցին կրակի վրա՝ է՛լ ավելի խորացնելով խզումն ու լարվածությունը Թուրքիայի և Շվեդիայի միջև:
Անկարան դատապարտեց միջադեպը և հայտարարեց, որ չի աջակցի Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ դադարեցնելով բանակցությունները, մինչդեռ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը կարող է տարբեր լինել, եթե այդ երկիրը միայնակ դիմի դաշինքին անդամակցության հարցով։
Բացի այդ, Անկարան երկու երկրներից պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։ Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել բանակցությունները։
comment.count (0)