Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին
09:17 - 14 մարտի, 2023

Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին

Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։

Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ «Արցախի հայերի ներկայացուցիչներին» առաջիկա օրերին հրավիրում են երկրորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել