Շոյգուն ու Օսթինը քննարկել են Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը
10:16 - 16 մարտի, 2023

Շոյգուն ու Օսթինը քննարկել են Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը

Մարտի 15-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Լլոյդ Օսթինը։ Կողմերը քննարկել են մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը։ 

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին։ Պենտագոնից նշել էին, որ միջադեպը տեղի է ունեցել «ռուս օդաչուների անխոհեմ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով»:

Ռուսական կողմը իր հերթին տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ ամերիկյան կողմից թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Շոյգուն Օսթինի հետ զրույցում նշել է՝ միջադեպի պատճառն այն է, ամերիկյան ԱԹՍ-ն մտել է ՌԴ կողմից սահմանված թռիչքների արգելման գոտի։ Շոյգուն ընդծել է՝ «Ղրիմի ափերի մոտ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հայտնվելը սադրիչ բնույթ է կրում, ինչը նախադրյալներ է ստեղծում իրավիճակի սրման համար»։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանը հետաքրքրված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, սակայն կշարունակի համաչափ արձագանքել բոլոր սադրանքներին»։

Հեռախոսազրույցից հետո Լլոյդ Օսթինը ասել է, որ «ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերում հնարավոր էսկալացիայի ռիսկին, այդ իսկ պատճառով կարևոր է բաց պահել հաղորդակցության ուղիները»:

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, կարևոր է, որ մեծ տերությունները լինեն թափանցիկության և հաղորդակցության մոդելներ, և Միացյալ Նահանգները կշարունակի թռչել և գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը», - ասել է Օսթինը:

Նախարարների զրույցից հետո հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարք Միլլին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գենելալ Վալերի Գերասիմովը: Կողմերը քննարկել են «անհանգստություն առաջացնող անվտանգային որոշ հարցեր»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել