Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը․ պետական բուհերի թիվը կհասցվի 8-ի |armenpress.am|
14:01 - 16 մարտի, 2023

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը․ պետական բուհերի թիվը կհասցվի 8-ի |armenpress.am|

armenpress.am: Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

«Բուհական ոլորտում կունենանք խոշորագույն բարեփոխում, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի և պետք է այնտեղ պարտադիր ունենանք գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ։ Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք, և նախատեսում ենք, որ այս ուղղությամբ արվող գործողություների արդյունքում մեր առնվազն չորս բուհերը ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգի հինգհարյուրյակում»,- ասաց Անդրեասյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

«Առաջիկայում մենք կներկայացնենք Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը: Կարծում եմ, որ մենք մեկնարկային փուլում ենք այն իմաստով, որ արդեն իսկ հստակեցված է, թե որտեղ պետք է տեղակայված լինի Ակադեմիական քաղաքը:

Մենք ունենք պատկերացում, որ կարող ենք ունենալ Ակադեմիական քաղաքի 3 կլաստերներ: Ունենք նաև պատկերացում, թե որ կլաստերը որ ուղղությամբ բուհի համար կարող է հարմար լինել»,- ասաց Անդրեասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել