Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան
 |armenpress.am|
17:52 - 20 մարտի, 2023

Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Միրզոյանը նախ հիշեցրել է Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման մասին, ինչպես նաև այն մասին, որ Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը և չի կատարում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը:

«Անհրաժեշտ է միջազգային մասնակցություն ցեղասպանության կանխարգելմանը, պետք է նաև միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցքի հատված և Լեռնային Ղարաբաղ։ Հուսով ենք, որ այս հարցում ռուսական կողմի հետ փոխգործակցություն կլինի»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև կարևորել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորակազմի դերը։

Նա նաև ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դրանով չի զբաղվում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել