ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վրա
22:32 - 29 մարտի, 2023

ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վրա

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ 2022 թվականի մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը:

Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում նա կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլև նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր: Նույն օրը տեղի են ունեցել նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:

Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը: ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել «Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման» ու «Երեխաների և երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման» վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք և առաջարկություններ ստանալու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել