ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Armdaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ամուլսարի թեմային։ Այն հարցին, թե արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումը Ամուլսարից հանրային ուշադրությունը շեղելու նպատակ չուներ, նա պատասխանել է, որ եթե իշխանությունը հանրության ուշադրությունը շեղելու խնդիր ունենար, կարող էր դա թեժ շրջանում անել։

Թագուհի Թովմասյանն նշել է, որ իր դիրքորոշումն Ամուլսարի հարցում որևէ մեկի համար նորություն չէ։

«Ես Ամուլսարի շահագործմանը դեմ եմ եղել դեռ 7 տարի առաջ մոտավորապես, երբ որ նոր սկսվեց այդ պրոցեսը, և չի կարող ինձ համար լինել որևէ արդարացում, որ ես իմ 7 տարի ունեցած տեսակետը փոխեմ։ Երբ որ այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, բերվեց այդ ծրագիրը, և՛ որպես լրագրող, և՛ որպես լրատվամիջոցի ղեկավար, և՛ որպես ուղղակի հանրային ակտիվ գործիչ, ես դեմ եմ արտահայտվել, ու ընդհանրապես ես դեմ եմ հանքերի շահագործմանը Հայաստանում, որովհետև կարծում եմ՝ մենք ունենք այն պոտենցիալը, որ կարող ենք մեր երկիրը ավելի բարեկեցիկ դարձնել, և չպետք է մեր ընդերքը դատարկելու հաշվին կարողանանք Հայաստանը զարգացած կամ զարգացող երկիր դարձնել»-, ասել է նա։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ այդ իրավիճակում թերություն ունեն ԱԺ ներկայացուցիչները։

«Մենք պետք է հրատապ, ընդհարապես հանքարդյունաբերությանը առմչվող մեր օրենսդրությունը փոխեինք ու գլխիվայր շուռ տայինք, որովհետև այդ օրինագծերը, բոլորը, որ ընդունվել են, կարող եմ ասել, որ հակազգային են, որովհետև նրանք բոլորը նպաստում են, որ Հայաստանի ընդերքը դատարկվի և օրենքով։ Հիմա մենք պիտի սկսեինք դրանից, ամենաառաջին հերթին, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանար, որ կարող է սակարկության առարկա դառնալ որևէ հանքի շահագործման հարց կամ մեզ համար քննարկելի հարց է, որ կարող է որևէ հանք շահագործվել»,- նշել է նա։

Հարցազրույցի ընթացքում Թագուհի Թովմասնյանը նաև անդրադարձել է օգոստոսի 19-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող ակտիվիստների առաջ ԱԺ դարպասները փակելուն։ Ըստ նրա՝ այստեղ խնդիր կա ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետ։

«Ես չէի ուզենա, որ նոր Հայաստանում ունենայինք մենք այդ պատկերը, որովհետև մենք այլ խոստումներով, այլ լոզունգներով ենք եկել իշխանության, և այդ գործողությունները ամնեևին չէին մտնում մեր պատկերացրած Հայաստանի,մեր պատկերացրած իշխանության տրամաբանության մեջ։ Ցավալի է, որ մինչև այժմ ոստիկանությունը դեռ չի տվել ըստ էության հստակ պարզաբանում, թե ինչու գնաց այդ քայլին, և ինչու կիրառվեց բիրտ ուժ»,- ասել է նա ու հավելել, որ պատրաստվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քնարկում նախաձենել՝ հասկանալու համար՝  ինչու ոստիկանությունը գնաց այդ քայլին։