azatutyun.am: Իրանի իշխանությունները հաստատել են իրանական ծագմամբ ֆրանսիացի գիտնական Ֆարիբ Ադելխանի ձերբակալությունը: Այս տեղեկատվությունը հաջորդում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը․ Էմանյուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և տեղեկացրել, որ հարցը քննարկել է Թեհրանի հետ:

Ելիսեյան պալատի ղեկավարը մասնավորապես բացատրություններ է պահանջել Փարիզի հեղինակավոր բուհերից մեկում աշխատող գիտնականի ձերբակալության հետ կապված:
Հաղորդվում է, որ Ֆարիբ Ադելխանը ձերբակալվել է անցած ամիս՝ լրտեսության կասկածանքով:

«Այդ անձը ձերբակալվել է վերջերս, սակայն գործի բնույթի պատճառով այս պահին չենք կարող նրա մասին որևէ տեղեկատվություն տրամադրել», - այսօր հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին:

Ադելխանի ձերբակալությունը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը թուլացնելուն ուղղված Փարիզի ջանքերի ֆոնին: