aysor.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակներին։

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա։ Մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ են քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել», - ասաց Դ. Խաժակյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման թեմային։

«Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը. միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ են պահանջում, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, թե դրանով մեծ բևեռացում է տեղի ունենում աշխատակազմերի միջև և դա անթույլատրելի է։

Խաժակյանը նաև հարց բարձրացրեց, թե քաղաքապետին ինչու է պետք 7 խորհրդական, 4 օգնական։

«Ես այս թվերը համեմատում եմ վարչապետի աշխատակազմի հետ։ Եթե մի ժամանակ Տարոն Մարգարյանին էինք ասում, որ այդքան օգնական ունես, այդքան խորհրդական ունես, օպտիմալացման տեղ կա... Ի դեպ, ամեն խորհրդականի հասնում է մեկ գործավար, մեկ վարորդ, մեկ մեքենա, բնականաբար, այս ամենը մի մեծ թիվ է կազմում քաղաքի համար», - նկատեց Խաժակյանը։

Նա նաև նշեց, որ հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 570 հազար դրամից դառնում է 1 մլն 200 հազար դրամ։