a1plus.am։ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ առաջիկա օրերին նամակով դիմի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա կառաջարկի, որ վարչապետի անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով՝ «գնահատական տալու Մանվել Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք տեղի են ունեցել և ունենում են լիազոր մարմինների կողմից»։

«Այն,ինչ Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում ՝ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ ։ Եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիքորոշում չի ներկայացվելու, նշանակում է որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին անհրաժեշտ է ոչ թե Մանվել Գրիգորյանը կենդանի, այլ մահացած ։ Այն սկզբունքով որ չկա մարդ, չկա խնդիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Բաղդասարյանը։

Հունվարի 15-ին դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ չհեռանալու տարբերակով։ Պաշտպանը պնդում է, որ այդ շատ վաղուց պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ արդեն 1,5 տարի է նրա մոտ հիվանդության սրացում էր նկատվում։

Խափանման միջոցի փոփոխությունից հետո էլ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը մնում է նույնը։

Ըստ Լեւոն Բաղդասարյանի՝ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում , վիճակը ծանր է, համարյա 24 ժամ միացված է թթվածնի ապարատին։

Երեկ նա դատարանում ներկայացրել է միջնորդություն, որպեսզի Մանվել Գրիգորյանին հնարավոր լինի տեղափոխվել Ֆրանսիայի այն բուժհաստատություն, որտեղ նախկինում նա բուժվել է։ Միջնորդությունը մերժվեց։

Այսօր Լեւոն Բաղդասարյանը պնդում էր, որ իր պաշտպանյալը հայաստանյան բուժհասատություններում չի կարող ստանալ լիարժեք բուժում։ Եթե հնարավոր լիներ դա, Մանվել Գրիգորյանի վիճակը վատթարացած չէր լինի՝ ստացիոնար բուժման ընթացքում։ Նա նաեւ մատնանշում է դեպք, որի արդյունքում վատթարացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։

«Նախորդ տարի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում, և պետական լիազոր մարմին ներկայացուցիչները ամենավայրագ, կոշտ ձևով ՝ կատետր կոչված սարքը պոկելով թևից, Գրիգորյանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,- հիշեց նա։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը, որը խոշտանգման եւ ապօրինի կալանքի փաստով է։