Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն
21:38 - 30 սեպտեմբերի, 2024

Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն

44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է: Ժամանակակից զինված հակամարտություններում գործողությունները ծավալվում են ոչ միայն «դաշտում», այլ նաև տեղեկատվական միջավայրում։ Երբեմն տեղեկատվական պատերազմն ավելի նշանակալի է լինում՝ էապես ազդելով կողմերի կարողությունների վրա:

2020 թվականի իրադարձությունները և ավելի ուշ սահմանային սրացումները բազմաթիվ հետքեր են թողել տեղեկատվական դաշտում՝ լրատվական և պաշտոնական հաղորդագրությունների տեսքով։ Թեև պաշտոնական հաղորդագրությունները հաճախ կողմնակալ են՝ ուղղված հասարակական կարծիքի ձևավորմանը և տեղեկատվական քարոզարշավներն աջակցելուն, բայց դրանք շարունակում են արժեքավոր աղբյուր մնալ երկարաժամկետ միտումները դիտարկելու, և կողմերի հռետորաբանական ռազմավարությունները վերլուծելու տեսանկյունից:

Պատերազմին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին հավաքված տվյալներն արդեն մեզ թույլ են տալիս հետահայաց և ավելի խորքային անդրադառնալ կողմերի հռետորաբանությանը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների պաշտոնական հայտարարությունների վրա։

Սահմանային սրացումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների ամենօրյա հրապարակումների քանակը՝ հարթեցված 10-օրյա միջին ցուցանիշով

Այս գործիքը թույլ է տալիս հետևել սահմանային սրացումներին՝ ամենօրյա ռեժիմով։ Գործիքին առանձին հասանելիություն կարող եք ունենալ այստեղ։ 

Այս գծապատկերը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված հակամարտությունների, սահմանային սրացումների և սադրանքների մասին բոլոր պաշտոնական հայտարարությունները (տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդաբանության մասին կարդացեք ստորև՝ «Ինչպես ենք հաշվարկել» բաժնում): Հորիզոնական կետագիծը ներկայացնում է Ադրբեջանի ՊՆ կողմից 2018 թվականից մինչ օրս հրապարակված հաղորդագրությունների միջին թիվը, որը կիրառվում է նաև որպես սկզբնակետ, քանի որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն է նախաձեռնել մի քանի խոշոր ռազմական բախումներ։

Գծապատկերը ցույց է տալիս, որ Ադրբեջանն էապես գերազանցում է Հայաստանին տեղեկատվական դաշտում՝ հատկապես առանցքային իրադարձությունների ժամանակ։ 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ՊՆ կայքում պաշտոնական հաղորդագրությունների թիվը գերակշռում է: Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցնում միայն մի քանի ուշագրավ դեպքերում. 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի մայիսին հայ-ադրբեջանական սահմանային սրացումների և Սոթքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ։ 

Ավելին, Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններին հաճախ նախորդում են ավելի փոքրամասշտաբ բռնկումներ կամ տեղեկատվական արշավներ։ Այդ արշավների նպատակը, մեծ մասամբ, հասարակական կարծիք ձևավորելն է, ռազմական ագրեսիան արդարացնելը, զորքերի տեղաշարժը քողարկելը կամ հարձակման պլանավորված ուղղությունից հակառակորդի ուշադրությունը շեղելը: Այս օրինաչափությունը հաստատում են նաև ակադեմիայում հրապարակված և ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերը՝ այդ թվում հայաստանյան

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակմանը, օրինակ, նախորդել է տեղեկատվական արշավը, որը մեղադրում էր Հայաստանին սադրանքների մեջ։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ի վրա հարձակումից առաջ գործի դրվեց ինչպես տեղեկատվական արշավը, այնպես էլ իրական ռազմական գործողությունները:

Պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների վերլուծությունը նաև կարևոր է, քանի որ այն արտացոլում է երկու կողմերի պաշտոնական հռետորաբանությունը։ Այս վերլուծությունը բաղկացած է երկու մասից՝ առաջինն ընդգրկում է 2018-ից 2020 թվականների՝ 44-օրյա պատերազմին նախորդող և հաջորդող իրադարձությունները, իսկ երկրորդն արտացոլում է 2021 թվականից հետո ընկած ժամանակահատվածը՝ արտացոլելով ստատուս քվոյի փոփոխության հետևանքով հակամարտության դինամիկայի և հռետորաբանության փոփոխությունները։ Նկար 2-ում ներկայացված բառային ամպերը ցույց են տալիս երկու երկրների ՊՆ-ների հռետորաբանության մեջ գերակշռող թեմաները՝ 2018-ից 2020 թվականներին:

Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2018-2020 թթ.

Հայաստանի ՊՆ հռետորաբանության բառային ամպը մինչև 2020 թվականը հիմնականում արտացոլում է 44-օրյա պատերազմին առնչվող թեմաներ։ Այն արծարծում է երեք հիմնական թեմա՝ ադրբեջանական զինուժի գործողություններն ու կրած կորուստները, Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և հանրությանը վստահեցնելու ջանքերը, որ իրավիճակը կայուն է, բայց լարված: Շոշափվում է նաև անօդաչու թռչող սարքերի թեման, որն այս պատերազմում Ադրբեջանին նշանակալի ռազմական առավելություն տվեց։

Ի հակադրություն սրա՝ Ադրբեջանի ՊՆ նույն ժամանակահատվածի բառապաշարն ավելի շատ կենտրոնացած է հարձակողական գործողությունների վրա: Հրապարակումներում գերակշռում են Արցախի ՊԲ ստորաբաժանումների ոչնչացման, ճշգրիտ հարվածների, ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունները։ Բացի այդ, Ադրբեջանը հաճախ է գրում այն մասին, որ հայկական զինուժը հրետակոծում է իր տարածքը՝ օգտագործելով այդ տեղեկությունը՝ արդարացնելու իր պատասխան ռազմական քայլերը։

Բառային ամպերի համեմատությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամպը զգալիորեն ավելի խիտ բառերից է բաղկացած, քան Հայաստանինը, ինչն էլ ամրապնդում է Ադրբեջանի գերիշխանությունը տեղեկատվական տարածքում: Հայաստանի ՊՆ-ն ավելի քիչ թվով, կարճ և ընդհանրական հրապարակումներ է արել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է հաճախակի թարմացվող և մանրամասն տեղեկություններ պարունակող հայտարարություններ։ Քանի որ վերլուծված նյութերը վերցված են ՊՆ կայքերի անգլերեն բաժիններից, կարելի է ենթադրել, որ դրանք հիմնականում արտաքին լսարանին ուղղված տեքստեր են: Այսպիսով, Ադրբեջանի հռետորաբանությունը կարծես թե ավելի լավ է մշակված միջազգային լսարանի համար, մինչդեռ հայկական կողմի հաղորդագրություններն ավելի շատ նման են ներքին լսարանի համար պատրաստված տեքստերի ուղղակի թարգմանության, որոնք հարմարեցված չեն արտաքին համատեքստին:

Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2021-2024

Երկու երկրների պաշտպանության նախարարությունների հռետորաբանության մեջ սկսում են նմանություններ նկատվել 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես նկատելի է 2021-2024 թվականների բառային ամպերից, երկու կողմերն էլ հաճախ են նշում սահմանային զինված բախումների և զորքերի կողմից փոքր զենքերի օգտագործման մասին: Հայաստանի ՊՆ-ն հաճախ հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունները՝ դրանք անվանելով ոչ ճշգրիտ, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն իր գործողությունները որակում է Հայաստանի կողմից  սադրանքների պատասխան։

Հետաքրքիր է, որ Հայաստանի ՊՆ հաղորդագրություններում հաճախ է նշվում ադրբեջանական զինուժի կողմից 2023 թվականի ամռանը Երասխի մետալուրգիական գործարանի գնդակոծման մասին։ Այս միջադեպի վրա շեշտադրումը, ըստ երևույթին, Հայաստանի համար ռազմավարական քայլ է՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և դիվանագիտական ​​աջակցություն ստանալու համար, քանի որ հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով օտարերկրյա ներդրողների շահերը վնասվել են։ Այս հռետորաբանական փոփոխությունը կարող է վկայել Հայաստանի տեղեկատվական ռազմավարության զարգացման մասին՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ ներգրավել արտաքին դերակատարներին, ինչը դժվար մարտահրավեր էր 2020 թվականին։

Սահմանային սրացումների և բախումների մասին պաշտոնական հաղորդագրությունների վերլուծությունը ոչ միայն ընդհանուր միտումներն է օգնում բացահայտել, այլև ուսումնասիրում է տարբեր իրադարձությունների միջև կապը: Օրինակ, հատկապես հետաքրքիր է համեմատել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան նրանց իրականացրած զորավարժությունների ֆոնին: Այս համեմատությունը տեղին է՝ հաշվի առնելով, որ զորավարժությունները հաճախ նպատակաուղղված են զորքերը հատուկ գործողությունների նախապատրաստելու և անհրաժեշտ ռեսուրսները թաքնված կերպով կենտրոնացնելու համար:

Մինչ վերլուծելը պետք է հաշվի առնել մի քանի նկատառում. նախ, յուրաքանչյուր զորավարժության վերաբերյալ սովորաբար հրապարակվում է մի քանի հաղորդագրություն, ուստի մի իրադարձության մասին մի քանի հրապարակումները կարող են ստեղծել տեղեկատվական խիտ հոսք՝ ավելացնելով հիշատակումների հաճախականությունը: Երկրորդ, հավանական է, որ որքան կարևոր և բազմատեսակ է զորավարժությունը, այնքան ավելի շատ  հաղորդագրություններ կլինեն դրա վերաբերյալ: Երրորդ, իրական մարտի ժամանակ զորավարժությունների մասին հաղորդագրությունները սովորաբար նվազում են կամ ամբողջությամբ անհետանում, քանի որ առաջնահերթությունը տրվում է առաջնագծի իրադարձություններին, նույնիսկ եթե զորավարժությունները շարունակվում են ռազմական գործողություններին զուգահեռ: Չնայած այս նկատառումներին՝ մենք կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների նվազումը, հավանաբար, վկայում է դրանց բացակայության մասին՝ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստման կամ մեկնարկի պատճառով:

Կարելի է նաև հակառակ տրամաբանությամբ դիտարկել. զորավարժությունների ակտիվացումը կարող է վկայել ինչպես զորքերի, այնպես էլ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին: Վերջին պատերազմների ընթացքում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ զորավարժությունները քողարկել են զորքերի նախապատրաստումն ու դիրքավորումը հակամարտության համար: Կարելի է հիշել 2008 թվականին Ռուսաստանի պատերազմը Վրաստանի դեմ կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկը։

Այս համատեքստում մենք համեմատել ենք սահմանային սրացումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան ադրբեջանական բանակի զորավարժությունների և Ադրբեջանի տարածքում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրությունների հետ։ Արդյունքները պատկերված են ստորև ներկայացված գծապատկերում:

Սահմանային սրացումների և զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների ամենօրյա համեմատություն՝ հարթեցված 10-օրյա միջինով

Ինչպես հստակ երևում է Ադրբեջանի ՊՆ տվյալների հիման վրա կազմված այս գրաֆիկից, յուրաքանչյուր խոշոր ռազմական բախմանը նախորդել է ինտենսիվ զորավարժությունների շրջան։ Մինչև 2020 թվականի պատերազմը Ադրբեջանն իր ստորաբաժանումներով ակտիվորեն վարժանքներ էր անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները այդ ամառ նույնպես լցված էին զորավարժությունների մասին լուրերով` մատնանշելով ամառ-աշունը՝ որպես զորքերի լայնածավալ պատրաստության տրամաբանական շրջան: Սակայն, երբ սա դիտարկում ենք այն համատեքստում, որ Ադրբեջանի յուրաքանչյուր խոշոր ռազմական գործողությանը նախորդել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, զորավարժությունների և սահմանային սրացումների միջև կապը դժվար է անտեսել: Այդ մասին է վկայում նաև թուրքական զորամիավորումների, մասնավորապես F-16 կործանիչների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

Ամփոփում: 

Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս.

  1. Հայաստանի հետ համեմատած՝ Ադրբեջանը կայուն գերիշխել է տեղեկատվական տարածքում՝ հրապարակելով ռազմական գործողությունների մասին մանրամասն և արտաքին լսարանին թիրախավորող հաղորդագրություններ։

  2. Խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդել են ավելի փոքրամասշտաբ միջադեպեր կամ տեղեկատվական արշավներ։ Օրինակ՝ մինչև 2020-ի պատերազմը և 2023-ին ԼՂ վրա հարձակումը Ադրբեջանը ծառայեցնում էր հայկական սադրանքների մասին համակարգված հռետորաբանությունը՝ որպես իր ռազմական գործողությունների արդարացում և օրինականացում:

  3. 2020-ից հետո երկու կողմերն էլ փոփոխել են իրենց հռետորաբանությունը. Ադրբեջանը հարձակողական շեշտադրումներից անցել է իր ռազմական գործողությունները հայկական սադրանքներով պայմանավորելուն և պաշտպանական դիրք ստանձնելուն: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վրա կենտրոնացումից անցել է ադրբեջանական հաղորդագրությունների հերքման և միջազգային հանրության համար կարևոր նշանակություն ունեցող միջադեպերի ընդգծման քաղաքականությանը՝ Ադրբեջանի գերակայությանը դիմակայելու համար ավելի շատ հիմնվելով միջազգային դիվանագիտության վրա:

  4. Զորավարժությունները, մասնավորապես՝ Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները, հաճախ համընկնում են խոշոր ռազմական գործողությունների նախապատրաստման հետ: 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական F-16-ների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն օգտագործում է այդ զորավարժությունները ոչ միայն ուսուցողական, այլ նաև ռազմական գործողությունների նախապատրաստման նպատակով։

Բաց աղբյուրների վրա հիմնված տվյալների այս վերլուծությունը ցույց է տալիս ռազմական գործողությունների, տեղեկատվական պատերազմի և դիվանագիտական ​​մանևրումների բարդ փոխազդեցությունը Հայաստան-Ադրբեջան շարունակվող հակամարտությունում: Թեև Ադրբեջանի գերիշխանությունը ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական հարթակներում ակնհայտ է, սակայն Հայաստանն էլ  փոխել է իր ռազմավարությունը՝ ուղղելով այն դեպի հակամարտության միջազգայնացմանը՝ հատկապես շեշտադրելով արտաքին շահերի վրա ազդող միջադեպերի մասին տեղեկությունները։ Ռազմական սրացումների դինամիկան, ամենայն հավանականությամբ, կշարունակի փոխկապակցված մնալ տեղեկատվական պատերազմին, և երկու կողմերն էլ կշարունակեն պայքարել հանրային ընկալումները վերահսկելու և դիվանագիտական ​​աջակցության ստանալու համար:

___________________________________________________________________________________________

Ինչպես ենք հաշվարկել

Այս վերլուծությունը հիմնված է բացառապես բաց տվյալների վրա, ինչը նշանակում է, որ կիրառվող տեղեկությունը սպառիչ չէ և չի կարող լիարժեք անկողմնակալ համարվել: Օրինակ՝ մի զորավարժության մասին կարող են հրապարակված լինել մի քանի պաշտոնական հաղորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրն ընդգծում է նույն զորավարժության տարբեր ասպեկտներ՝ այդպիսով ավելացնելով հրապարակման հաճախականությունը: Կամ որոշ հաղորդագրություններում հակառակորդի կողմի հրետակոծությունը կարող է ընդգծվել, մինչդեռ սեփական ուժերի կողմից պատերազմի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունը` նվազագույնի հասցվել։ Չնայած այս սահմանափակումներին՝ բաց կոդով տվյալները մեզ հնարավորություն են տալիս տեսնել ավելի լայն միտումներ և պատկերացում կազմել, թե ինչպես է կազմակերպվում տեղեկատվական պատերազմը և դրա հռետորաբանությունը:

Սահմանային սրացումների դինամիկան 

Սահմանային սրացումների դինամիկան վերլուծել ենք՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրությունների վրա։ Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։ 

Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։

Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով:

Բառային ամպերը

Բառային ամպերը ստեղծվել են երկու ՊՆ-ների կայքերից զտված նույն հաղորդագրությունների հիման վրա, որոնք օգտագործվել են սրացումների դինամիկան վերլուծելու համար: Ամպը ստանալու համար օգտագործվել է հաղորդագրությունների ամբողջական տեքստը։ Նախապես հաղորդագրությունները դասակարգվել են ըստ լեզվական մոդելի կողմից կիրառվող թեմաների: Այնուհետև յուրաքանչյուր թեմայի ամենահաճախակի օգտագործվող 10 բառերն ընտրվել են՝ կառուցելու վերջնական բառային ամպը: Երկու կողմերի հաղորդագրություններից էլ բացառվել են ստոպ բառերը և բնակավայրերի անվանումները՝ կենտրոնանալու հռետորաբանության, այլ ոչ թե վայրերի վրա:

Զորավարժությունների և սրացումների համեմատականը

Ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել և ձեռքով զտվել են Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից։ Ընդգրկվել են միայն ադրբեջանական բանակի զորավարժությունների մասին հաղորդագրությունները, որոնք Ադրբեջանի տարածքում առանց օտար երկրների մասնակցության են անցկացվել։

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների համար դիտարկվել են միայն Ադրբեջանի տարածքում երկու երկրների մասնակցությամբ ուսուցողական միջոցառումների մասին հաղորդագրությունները:

Յուրաքանչյուր հաղորդագրություն հաշվի է առնվել որպես մեկ զորավարժություն, թեև մի զորավարժության վերաբերյալ հաճախ լինում էին մի քանի հաղորդագրություններ: Հատկանշական է, որ զորավարժություններին առնչվող հանդիսավոր միջոցառումները, համաժողովները և ընդունելությունները բացառվել են վերլուծությունից՝ կենտրոնանալով բացառապես մարտական ​​պատրաստության կամ զորամասերի ստուգումների վերաբերյալ հաղորդագրությունների վրա:

 

Հեղինակ՝ Յուրի Ագաֆոնով
Գիտաշխատող,
Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab

Գլխավոր լուսանկարը՝ Կատյա Մամյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել