ԿԳՄՍՆ-ն մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս․ Նարինե Խաչատուրյան
20:17 - 03 հունիսի, 2020

ԿԳՄՍՆ-ն մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս․ Նարինե Խաչատուրյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը համոզված է՝ նախարարությունը մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս։

Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության՝ արդեն վարչություն դարձած գործակալության պետ Արմեն Աբրոյանի՝ մեր զրույցում հնչած քննադատություններին։

Նախօրեին հրապարկել էինք հարցազրույց, որտեղ Աբրոյանը հայտարարել էր՝ գործակալությունը որպես վարչություն վերակազմավորելուց հետո չի հաստատվել նոր կանոնադրություն, իրենց աշխատանքը խաթարված է, եւ որ նախարարության ղեկավար կազմը փորձում է հապճեպ որոշումներով «ազատվել իրենից»։ Գործակալության պետի պնդմամբ՝ այս գործելաոճի պատճառն այն է, որ ոլորտում վաղուց օրենսդրական բացեր կան, որոնք հեղափոխությունից հետո էլ չեն լրացվում։ Եւ ավելին՝ մեր զրուցակիցը հայտարարել էր, որ, օրենսդրական բացերը թողած, նախարարությունը զբաղվում է գործակալության գործառութներով՝ ցույց տալու, թե իրենք որեւէ աշխատանք են կատարում, թե խթանում են ներդրումային քաղաքականությանը, բայց իրականում համաձայնություն են տալիս պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին։

Ոլորտի պատասխանատու փոխնախարարի հետ զրուցեցինք Աբրոյանի հնչեցրած այս խնդիրների մասին։

Խաչատուրյանը նախ ընդգծեց, որ գործակալությունը վարչություն է դարձել օրենքի պահանջով, եւ այժմ որեւէ նախարարություն կամ գերատեսչություն այլեւս չի կարող գործակալություն ունենալ։ Բացի այս՝ վարչության կանոնադրությունն արդեն հաստատված է, պաշտոնական անձնագրերն էլ մշակված են, դրանք ուղարկվել են վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման։ Ըստ այդմ, նախարարի տեղակալի վստահեցմամբ, վարչությունն իր գործառույթները կարող է լիարժեք իրացնել ու իրականացնել՝ չնայած Աբրոյանի հակառակ պնդումներին։

«Վարչությունն, անշուշտ, վերակազմավորման ընթացքում էլ կարող էր լիարժեք իրականացնել իր գործառույթը, որովհետեւ կարգն ընդհանրապես այսպես է․ եթե փոփոխություններ են տեղի ունենում, աշխատանքը չկանգնեցնելու համար նախկին բոլոր կարգավորումները գործում են։ Նույնիսկ երբ միավորված ՊՈԱԿ-ների կանոնադրությունը հաստատված չէր, իրենք իրենց գործունեությունը շարունակում էին։ Որեւէ բան չի ընդհատվում եւ չի կարող ընդհատվել»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակի մասին շահարկումներն ուղղակի կեղծ են ու շինծու։

Փոխնախարարը համաձայն է պնդմանը, որ ոլորտում խնդիր կան, առկա են նաեւ օրենսդրական բացեր, բայց, միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նա, գործակալությունը բավական երկար տարիների կյանք ունի, Աբրոյանն էլ՝ աշխատանքային երկար տարիների փորձ, ու կարող էր զբաղվել օրենսդրական կարգավորումներով․

«Իսկ դա չի արվել։ Ես մեկ տարի է՝ նախարարությունում եմ, այս ընթացքում արդեն շրջանառել ենք եւ շահագրգիռ կազմակերպություններից ստացել ենք մեկնաբանություններ՝ հուշարձաններին վերաբերող օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու, հուսով եմ՝ շուտով ավելի լայն քննարկումներ կծավալվեն եւ նախագիծը կգնա Ազգային ժողով։ Իսկ ո՞ւր են գործակալության պետի նախաձեռնած փոփոխությունները։ Ես եմ իրեն առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, միայն լիցենզիաների վերաբերյալ է ներկայացրել։ Չգիտես ինչու՝ նա գործակալություն-նախարարություն տարանջատում է, բայց արդեն նախկին գործակալությունն ընդամենը նախարարության մեկ ստորաբաժանում է։ Եթե այդ փոփոխությունները նախաձեռնել է երկու տարի առաջ, բայց արձագանք չի եղել, ուրեմն գուցե լավ չի աշխատել կամ հետեւողական չի եղել,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Աբրոյանի հնչեցրած մեղադրանքներին, թե նախարարության գործելաոճը շահեր սպասարկելու, իրար ծանոթ-ընկեր-բարեկամ պահելու նկատառում ունի, Խաչատուրյանն արձագանքեց, որ այդ պարագայում գործակալության պետը կարող է դիմել համապատասխան մարմիններին, ինչը, ի դեպ, վերջինս արդեն արել է․ իր բարձրաձայնած խնդիրների մասին, ինչպես արդեն հայտնել ենք, նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Ես կառաջարկեմ, որ նման կասկածների դեպքում Աբրոյանը դիմի համապատասխան մարմիններին, կամ գուցե մենք դիմենք իր հերյուրանքները բացահայտելու համար։ Ես նորից եմ ասում՝ գործակալությունը նախարարության մեկ ստորաբաժանում է, նա ինչո՞ւ է առանձնացնում։ Գուցե ուզում է առանձին թագավորություն երեւակայել, բայց այդ ստորաբաժանումը միշտ եղել է նախարարության մի մասը, եւ որեւէ գործառույթ, որ ունեցել է, վարչություն դառնալով չի պակասելու եւ չի նվաստանալու»։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարության ներդրումային քաղաքականությունը ճնշի նախարարությանը՝ խաթարել պատմական միջավայրը, արդյոք ինքը նման մտավախություն ունի՞ կամ հնարավոր համարո՞ւմ է այդ իրավիճակը, Խաչատուրյանը պատասխանեց, որ նախարարությունը պատասխանատու է հուշարձանների գոտիների, տարածքների առումով, բայց նաեւ չպիտի մոռանանք, որ կան նաեւ քաղաքաշինական տրամաբանություններ․

«Պարզապես օրենսդրական այնպիսի փաթեթներ ու նորմատիվներ պետք է ստեղծվեն, որ քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը ոչ թե թշնամի լինեն, այլ կարողանան համակեցություն ունենալ։ Այդ նույն ներդրումը պետք է լինի, բայց ներդրողի համար այնպիսի օրենսդրական կարգավորումներ պետք է ունենանք, որ նա համ կարողանա ներդրում անել, համ էլ չխաթարի հուշարձանի պահպանական գոտին կամ գոյությունը»։ 

Այս պատկերն, ըստ մեր զրուցակցի, ամբողջ աշխարհում է։ Նա օրինակ բերեց, որ անցած տարվանից, երբ այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը, մինչեւ հիմա վեճեր են գնում, թե ինչպես այն պետք է վերականգնվի․ 

«Ճարտարապետների մի մասն ասում է՝ ճիփ-ճիշտ՝ նույն ձեւով պետք է վերականգնվի, մի մասն ասում է՝ պիտի մոդեռն արվի։ Այսինքն՝ այս վեճը նաեւ զարգացման առումով կա, թե ինչպես է ճարտարապետությունն առաջ գնում։ Պետք է գտնել ոսկե միջինը, որ խոչընդոտ չլինի ներդրումների առումով, բայց այդ ամենը չլինի ի հաշիվ հուշարձանի։ Սա շատ բարդ հարց է»։

Մեր ճշտող հարցին՝ անձամբ ինքը նկատել կամ արձանագրե՞լ է դեպք, որ հանուն բիզնեսի խաթարվի այդ միջավայրը, փոխնախարարը բացասական պատասխան տվեց․

«Ինքս նման դեպք չեմ արձանագրել, անկեղծ եմ ասում, որովհետեւ այն, ինչ խաթարվել է, խաթարվել է վաղուց, եւ մենք շատ-շատ ծանր ժառանգություն ենք ստացել, ամբողջ Երեւանի կենտրոնը խաթարված է եղել եւ ոչ միայն կենտրոնը, նույն Հին Երեւան նախագիծը, մինչեւ հիմա այդ փոսերն այնտեղ են, եւ խայտառակ իրավիճակը դեռ առկա է։ Հավատացեք, շատ դժվար է այդ ապականությունից հետո փորձել արագ եւ անվնաս շտկել իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը, եւ, արձագանքելով Աբրոյանի այն պնդամնը, թե որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակացությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս, ասաց, որ վերջինս պիտի կոնկրետ անուններ ասի՝ ովքեր են տալիս այդ թույլտվությունները․

«Ընդհանրապես, թույլտվությունները միանձնյա չեն տրվում, այլ գիտամեթոդական հանձնաժողովն է տալիս, որտեղ հավաքված են շատ պատվարժան մարդիկ։ Եթե պարոն Աբրոյանն այդ մարդկանց համարում է ոչ պրոֆեսիոնալ, թող համարի։ Իսկ ես ոչ միայն բացառում եմ որեւէ մեկի շահի սպասարկումը, այլ կարծում եմ, որ դա պետք է ստուգվի նախկինների ղեկավարման տարիների համար, երբ աշխատել է նաեւ պարոն Աբրոյանը»։

Ի հավելումն՝ փոխնախարարն ասաց, որ գործակալության պետ ու աշխատակիցներից ոմանք չեն աշխատում, գրություններին չեն պատասխանում, ինչը հետագայում քննության  կարժանանա, որովհետեւ չաշխատել ուղղակի չի կարելի․

«Գործակալության որոշ անդամներ, այո, խափանում են մեր բնականոն աշխատանքը, որովհետեւ մենք ունենք նաեւ ժամկետային գրություններ, որոնք նրանց դաշտում են, մենք հանձնարարել էինք մեզ հետ ուղարկել գործերը, որոնք կուտակված են, բայց դա էլ չի արվել։ Իսկ Աբրոյանը տեւական ժամանակ է՝ մոտ երկու շաբաթ, իմ զանգերին չի պատասխանում, մարտի կեսերից էլ աշխատում է տանից»,- եզրափակեց ԿԳՄՍՆ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ 

Հետգրություն․ նախքան փոխնախարարի հետ զրույցը եւ դրանից հետո՝ կառավարության եւ նախարարության պաշտոնական կայքերում վարչության կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը գտնել հնարավոր չեղավ։ Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին, որ կանոնադրությունը հաստատելու որոշումը կա, սակայն այն տեխնիկական խնդիրների պատճառով կհրապարակվի առաջիկա օրերին։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել