«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները
19:46 - 01 հուլիսի, 2020

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները

«Դատավորը մայրիկիս ասել էր՝ գոնե էսքանը պետք ա տանք, վերեւից պատվեր ա, հա՛մ մայրիկիս էր ասել, հա՛մ հորեղբորս, որ հնարավոր չի ոչ մի բան անել, վերեւից պատվեր է։ Անգամ Աղվան Հովսեփյանի անունն է տվել, որ կեթաք էսքան կուզեք։ Հլը նույնիսկ ասում էր՝ 5 պետք ա ուզեի, էս փոքր երեխու համար 4 տվեցի։ Դատախազը՝ Փիլոյանն էլ էր ասել, որ պատվեր է, ես ոչ մի բան չեմ կարող անել»։
 
Կարեն Թարխանյան, Մարտի 1-ից հետո 2 ոստիկանի ցուցմունքով 4 տարվա ազատազրկման դատապարտված, 2019թ․-ին արդարացված ՀՀ քաղաքացի
 
Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։
 
Նախորդ հրապարակմամբ Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Հրապարակման այս մասում կանդրադառնանք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է աշխատել դատական համակարգում։
 

Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրատարակեց մի գիրք՝ «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով, որտեղ ներկայացված են 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված անօրինականություններին վերաբերող տարբեր բնույթի փաստաթղթեր։ Այս գրքում ներկայացված են շուրջ 4 տասնյակ դատավորների անուններ, որոնք, ինչպես նշված է գրքում, անարդար ու ապօրինի որոշումներ են կայացրել Մարտի 1-ին առնչվող քրեական գործերով, այդ թվում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա կայացրել են մեղադրական դատավճիռ։

Այդ դատավորներից որոշների անունները հիշատակվում են նաեւ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցում։ Նրանցից ոմանք շարունակում են պաշտոնավարել։ Ստորեւ կներկայացնենք այդ դատավորներից մի քանիսին առնչվող հրապարակումներ, որտեղ ներկայացված են նրանց կայացրած ենթադրյալ ապօրինի ակտերն ու անարդար որոշումները։ 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյան․ վերջինս թեեւ այլեւս չի պաշտոնավարում համակարգում, սակայն նրա վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։ 

2008 թվականի նոյեմբերին Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը «Մարտի 1»-ի գործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Գեւորգ Մանուկյանին, որը նախագահական ընտրությունների ժամանակ Էջմիածնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր: 29-ամյա Մանուկյանին բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք էր առաջադրված: Մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում էր պահանջել նրա համար: Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կալանավորված էր մայիսի 10-ից` երեք վկաների ցուցմունքների հիման վրա, որոնցից երկուսը Էջմիածին քաղաքի բնակիչներ են, մեկը` ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակից: Փաստաբանի վկայությամբ` վկաներից մեկը հոգեկան հիվանդ էր:

2013 թվականի սեպտեմբերին ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որն անձնական երաշխավորություն էր հայտնել դատարանին՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով, նաեւ հայտարարել էր․ «Հիմա կոնկրետ խոսում եմ դատավոր Եվա Դարբինյանի մասին, ով հայտնի է նրանով, որ Մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների գործերով բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել: Նա շատ մեծ մեղքեր է գործել արդարադատության դեմ ու նրան եմ ուղղում խոսքս։ Այդ կինը մեղքի մեծ բեռից ազատվելու մի հնարավորություն ունի, եթե, անսալով մեր կոչին, ճիշտ որոշում ընդունի, ու բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ արթնանա իր կոչմանը արժանի դատավորը»,- ասել էր Զուրաբյանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյան․ նրա լիազորությունները դադարեցվել են չորս տարի առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կաշառք ստանալուց հետո առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին դատապարտել է երկու տարվա ազատազրկման, այնինչ՝ այս արարքի համար նվազագույն պատիժը 4 տարի է։ 

Մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերին «Հետք» պարբերականը մի հրապարակում արեց, որտեղ նշված էր, որ այդ ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել, որտեղ միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը գրել է իր հայաստանյան արկածների մասին՝ ինչպես են այստեղ հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել դուրս, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի: 

2008 թվականին ԱԱԾ-ն վնասազերծել էր միջազգային հանցավոր խումբ, որը նույն տարվա օգոստոսին հայաստանյան 4 բանկերի բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով հափշտակել էր ավելի քան 80 մլն դրամ: 2010-ին հիշյալ խմբի անդամներից ընդամենը երկուսն էին անազատության մեջ: Մյուսները տարօրինակ կերպով արժանացել էին իրավապահների մեղմ վերաբերմունքին: 

Օլիվեր Մարիանի գործը քննել է ԱԱԾ-ի ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանը, մեղադրող-դատախազը եղել է Հովսեփ Սարգսյանը, դատավորն էլ` Գագիկ Ավետիսյանը։ Վերջինս, ինչպես նշեցինք վերեւում, Մարիանին դատապարտել էր ընդամենը 2 տարվա ազատազրկման։

Դատավոր Գագիկ Ավետիսյանն այս բացառիկ մոտեցումը հիմնավորել էր նաեւ այն հանգամանքով, որ Օլիվերը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել: Սա այն դեպքում, երբ նույն քրեական գործում առկա է Մեծ Բրիտանիայի Ինտերպոլի տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանը խարդախության համար երկու անգամ դատապարտվել է եւ անցնում է իրենց երկրի քրեական հաշվառումներով:

Իսկ Սերժ Սարգսյանին ինքը` հանցավոր խմբի պարագլուխ Օլիվեր Մարիանը գրել է, որ ինքն ընդունել է մեղքը, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ դատավարությունից 7 ամիս անց բանտից ազատվել ու լքել է Հայաստանը։

Գագիկ Ավետիսյանն այս արարքի համար նույնիսկ նկատողության չի արժանացել։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գագիկ Պողոսյան․ վերջինս հայտնի է ՀԱԿ ակտիվիստների դատապարտման գործով․ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպով սկսված ՀԱԿ ակտիվիստների աղմկահարույց գործը 1 տարի անց ավարտվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, համաձայն որի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը՝ 3,5, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: Ուշագրավ է, որ վերջինիս համար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը 2 տարի պայմանական ազատազրկում է պահանջել, սակայն Գագիկ Պողոսյան ավելի խիստ պատիժ է սահմանել՝ անտեսելով  դատախազի պայմանական ազատազրկման պահանջը եւ երկու տարի տալով երիտասարդ ընդդիմադիր գործչին։ Ինչպես բազմիցս նշել են դատավարության ընթացքին հետեւող իրավապաշտպանները, լրագրողները եւ անհատները, Պողոսյանը շատ անգամ նիստերի ընթացքում չի լսել եւ ոչ մի կողմին, ու աթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել:

Ի դեպ, 2010 թվականին ՀՀ արդարադատության նախարարի 09.08.2010 թվականի թիվ 163-Ա հրամանով դատավոր Գ. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 24.05.2010 թվականի հաղորդումը: Նշվել է, որ Պողոսյանն արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքների նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ է թույլ տվել: Արդարադատության խորհուրդը, սակայն, որոշել է մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը եւ կարճել Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Գագիկ Պողոսյանն իր գույքը եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է 2011 թվականից սկսած։ Այդ ժամանակ Պողոսյանը հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ եւ 6000 ԱՄՆ դոլար։ 

2019 թվականի հայտարարագրում  Գագիկ Պողոսյանը ներկայացրել է 3 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 1993, 1995 եւ 2005 թվականներին։ 2019 թվականի վերջի դրությամբ Պողոսյանի բանկային հաշվում առկա է 2 մլն 481 հզ ՀՀ դրամ եւ 5200 ԱՄՆ դոլար։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 18 մլն ՀՀ դրամ եւ 9000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։

Ուշագրավ է, որ Գագիկ Պողոսյանը 4 մլն 521 հզ ՀՀ դրամ մնացորդով փոխառություն ունի՝ տրված «Միկշին» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱԱԾ նախկին պետ Գրիգոր Հարությունյանի եղբոր՝ Միախիլ Հարությունյանի որդուն՝ Տիգրան Հարությունյանին։ 

Ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գայանե Խաչատրյան․ 2019 թվականի մայիսին փստաբան Հակոբ Ճարոյանը վարչապետին է ներկայացրել դատավորի կողմից հանցավոր արարք կատարելու վերաբերյալ դիմում։ Փաստաբանը նման հաղորդում է ներկայացրել նաեւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վերաբերյալ։ Հաղորդումը կրկին հանցավոր արարք կատարելու մասին է. «Հանցավոր արարքը նրանց երկուսի դեպքում էլ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն է։ Նրանք երկուսն էլ ակնհայտ անարդար դատական ակտ են կայացրել եւ ենթակա են քրեական պատասխանատվության»,-ասել է Ճարոյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ դատախազությունը իր հաղորդումները համարել է անհիմն, եւ քրեական գործ չի հարուցվել: 

Գայանե  Խաչատրյանը 2011 թվականի դրությամբ հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ եւ 25000 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Դատավորն այդ տարում գույք եւ եկամուտ չի հայտարարագրել։

2019 թվականի հայտարարագրում Խաչատրյանը ներկայացրել է բնակարան, որտեղ միանձնյա սեփականատեր է եւ, ըստ հայտարարագրի, ժառանգության իրավունքով է ստացել՝ 2010 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ շարժական գույք՝ Mercedes Benz մակնիշի ավտոմոբիլ, որը գնվել է 2007 թվականին։

Դատավորը հայտարարագրել է նաեւ 15 մլն 500 հզ ՀՀ դրամին եւ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցներ։

2020 թվականի մայիսին Հայաստանի Վճռաբեկ դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթեւոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո այս 9 անձանց դատարանները մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաեւ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել։

Այս անձանց դատավորներից մեկն էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան, մյուս արդարացվածներին դատել են Ռուբեն Ափինյանը, Գագիկ Ավետիսյանը, Գայանե Կարախանյանը, գործող դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյան․ այս դատավորն էլ հայտնի է Մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու խնդրահարույց դատավճիռներով: Նա քննել է նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: 

2015 թվականին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ:

Դիմումի համար հիմք է հանդիսացել դատապարտյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը, որով փաստաբանը դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել եւ բացի դրանից՝ պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել:

Այս որոշման դեմ Ալումյանը վերաքննիչ բողոք է բերել, եւ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 1-ին մասնակիորեն բավարարել է Ալումյանի բողոքը՝ փոխելով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տեղաբաշխման հանձնաժողովին պարտավորեցնելով վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արձանագրված դատապարտյալի իրավունքի խախտումը:

Օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 429-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչի հետեւանքով խախտվել են նաեւ Սահմանադրության 5-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներով սահմանված դրույթները:

Բացի այդ, Օմբուդսմենը կարծում է, որ դատապարտյալի պաշտպանի բողոքի մերժման որոշումը պատշաճ պատճառաբանված չի եղել:

Ի դեպ՝ Մնացական Մարտիրոսյանը հանդիսացել է հենց նույն կարգապահական հանձնաժողովի անդամ, եւ ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր:

Մնացական Մարտիրոսյանն իր առաջին՝ 2011 թվականին հրապարակված հայտարարագրում ներկայացրել է 4 մլն ՀՀ դրամ, 17000 ԱՄՆ դոլար եւ 3950 եվրո դրամական միջոցներ։

2019 թվականին Մնացական Մարտիրոսյանը հայտարարագրել է 25 տոկոս  բաժնային սեփականությամբ 1 բնակարան եւ 25 տոկոս բաժնային սեփականությամբ ավտոտնակ, որոնք ձեռք են բերվել 2019 թվականին։

Դատավորը հայտարարագրել է նաեւ Toyota մակնիշի 1 ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2015 թվականին։ 

2019 թվականի վերջի դրությամբ Մնացական Մարտիրոսյանի հաշվին եղել է 581 հզ ՀՀ դրամ եւ 267 եվրո։ Դատավորը հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար եւ 5000 եվրո կանխիկ դրամական միջոցներ։

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը 2013-ի հոկտեմբերին դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Նման դիմումի առիթ էին դարձել մամուլի հրապարակումները։

Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին:

Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Դրանից հետո՝ 2013 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը դադարեցրել է Հովհաննիսյանի լիազորությունները։

Մարտիմեկյան իրադարձություններից հետո դրանց վերաբերյալ դատական ակտեր կայացրած բոլոր դատավորներին մանրամասն անդրադառնալու դեպքում այս հրապարակումը շատ երկար կլիներ, այդ պատճառով ներկայացրինք միայն առավել ուշագրավ կենսագրություն ունեցողներին։ 

Նախորդ տարի՝ 2019 թվականի մայիսի 24-ին, խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց հիշյալ՝ Մարտի 1-ի ոճրագործությունը գիրքը՝ հայտարարելով, որ այն ուղարկել է նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին․

«42 դատավորի, 27 դատախազի անուն կա գրքում, որոնց նկատմաբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ քրեական հետապնդում: Դրանք այն մարդիկ են, որոնք 1 ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի  հոդված են տվել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Infocom.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ գիրքը Մարտի 1-ի քրեական գործով քննության առարկա է։ Գրքում հիշատակված դատավորները, դատախազները կամ քննիչները գործի շրջանակներում հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ, դատախազությունից չհայտնեցին։

Ստորեւ ներկայացնում ենք վերևում հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։

Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն եւ մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։
 

Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել