25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան
11:10 - 05 հուլիսի, 2020

25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

Շուրջ 25 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Սահմանադրություն։ Այդ թվականին Հայաստանում իշխող կուսակցությունը Հայոց համազգային շարժումն էր, որն էլ ներկայացրել էր Սահմանադրության նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,  «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» առաջին եւ երկրորդ հոդվածներով։

Այդ շրջանում իշխանության ընդդիմախոսները պնդում էին, որ ընդունված Սահմանադրությունն իշխանակենտրոն է, եւ ոչ թե մարդակենտրոն, որ այն ապահովում է հանրապետության նախագահի՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերակա դիրքը․ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։ 

Տարիներ անց՝ 2001 թվականին, երբ ՀՀ-ն դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ։ 1995-ի Սահմանադրությամբ կառավարություն ձեւավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։ Այս անգամ նախատեսվում էին դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներ, անկախ օմբուդսմենի ներդրում, ՍԴ լիազորությունների եւ դիմելու իրավունք ունեցողների շրջանակի փոփոխում եւ այլն: 

2 տարի անց՝ 2003-ին, երբ սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանը, հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթ (մայիսի 25)։ Նախագծով առաջարկվում էր, որ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլինի հաշվի նստել։ Մինչդեռ 95-ի Սահմանադրությամբ՝ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։ 

Այս փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ⅓-ի հավանությունը։ Այդ հանրաքվեն, սակայն, ձախողվեց, քանի որ ընտրողներն այն ուղղակի բոյկոտեցին։

2005-ի  նոյեմբերի 27-ին նույն փաթեթը՝ որոշ փոփոխություննեով, կրկին հանրաքվեի դրվեց, բայց այս անգամ ընդունվեց․ կողմ քվեարկեց 1.4 միլիոն քաղաքացի, դեմ՝ 82 հազար: Քաղաքական ընդդիմությունն ու հանրության մի ստվար հատված այս հանրաքվեն որակեց զանգվածային ընտրակեղծարարությամբ ընդունված՝ պնդելով, որ կեղծվել է շուրջ 1 միլիոն քվե:

Սահմանադրական հաջորդ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն տասը տարի անց՝ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Այս փոփոխությունները, ինչպես հայտարարեցին ոչ միայն հայաստանյան ընդդիմադիրները, այլ նաեւ եվրոպական կառույցները, ոչ թե հանրային շահից էր բխում, այլ օրվա իշխանության՝ ՀՀԿ-ի քաղաքական շահից։ Հայտարարվեց, որ 2015-ի Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար․ 2005-ի Սահմանադրությունը նրան 3-րդ անգամ որպես երկրի ղեկավար պաշտոնավարելու հնարավորություն այլեւս չէր տալիս, իսկ ահա այդ փոփոխություններով նա կարող էր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ի իշխանությունը կարող էր հավերժանալ։

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավման համակարգի, վարչապետին տրվեց լիազորությունների լայն շրջանակ։ Սերժ Սարգսյանն էլ հետագայում առաջադրվեց վարչապետի պաշտոնում՝ հակասելով իր՝ նախկինում արած հայտարարությանը։ Սակայն վարչապետի աթոռին նա մնաց ընդամնեը 6 օր․ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի ճնշման տակ նա հրաժարական տվեց։

Փաստորեն, մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բոլոր հանրաքվեներն առնվազն խնդրահարույց են եղել, Սահմանադրությունը չի ունեցել բավարար լեգիտիմություն, փոփոխությունները բխել են ոչ թե սահմանադիրի կամքից, այլ օրվա կառավարող ուժերի կարիքներից ու շահերից։

Այսօր՝ հետհեղափոխական շրջանում, շարունակում են Սահմանադրության լեգիտիմության մասին քննարկումները, խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանության ճյուղերի միջեւ փոխզսպող մեխանիզմեր ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու, կարճ ասած՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։

Դեռեւս 2015 թվականի օգոստոսին՝ հանրաքվեից ամիսներ առաջ, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, եւ ոչ գործող, ոչ գալիք սահմանադրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտելու Սերժ Սարգսյանին վերարտադրվել։ Փաշինյանը հրաժարվեց բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ եւ մյուսներին էլ կոչ արեց «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։

Տարիներ անց՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Սահմանադրության փոփոխության հարցը կրկին դարձավ օրակարգային։ 

2018 թվականի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով իրապես արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում․

«Որովհետեւ երբ որ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլեւ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել։ Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է եւ բխում է մեր երկրի շահերից»։

2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում կառավարության 100-րդ օրվա ամփոփման ժամանակ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ հայտարարելով, որ  դրա իմաստը կլինի հետեւյալը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց Փաշինյանը

Այս ելույթից ամիսներ անց վարչապետի հրաժարականով Ազգային ժողովը ցրվեց, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն մինչ այդ սահմանադրական փոփոխություններ չեղան։

2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, սակայն հավելեց, որ Սահմանադրություն եւ պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինեն: Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը ցանկանա կրկին անցնել նախագահական կառավարման մոդելի, ապա այդպես էլ կլինի: Փաշինյանը, թեեւ շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, եւ պետք է քայլեր ձեռնարկել հակակշիռների եւ փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու համար, որպեսզի բացառվեն բռնապետություն եւ անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները, սակայն, նշելով, որ գործող Սահմանադրությունը 7 ամիս է՝ ուժի մեջ է, առաջարկեց՝ «եկեք թողնենք՝ այն աշխատի»:

Մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ արդեն փետրվարի 21-ին հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները։

Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման համաձայն՝ գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման եւ կներկայացվեր վարչապետի աշխատակազմին։ Իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը:

Սակայն հետագայում Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ՝ 2023 թվականին: 

«Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը: Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետեւյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, եւ ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա», - ասաց Փաշինյանը։ 

2020 թվականի հունվարի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն անդրադարձավ «սուպերվարչապետական կոստյումին»՝ հայտարարելով, որ իրենը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, եւ որ այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ․

«Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- ասաց Փաշինյանը։

Այս տարվա հունիսի 15-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ նա նշեց, որ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ «Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասաց գործադիրի ղեկավարը։ 

Փաշինյանն այդ նիստի ժամանակ արձանագրել է, որ կառավարման համակարգի փոփոխություն անել պետք չէ։ Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է Հայաստանում կայանա եւ նույնիսկ դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: 

Գործող Սահմանադրության խնդիրներից մեկն, ըստ Փաշինյանի, դրանում կայուն մեծամասնության առկայության հարցն է: Մի կողմից, վարչապետի համոզմամբ, սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա: 

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է։ Մյուս խնդիրն էլ Փաշինյանը դիտարկել է անկախ դատական համակարգ ունենալու հարցը։

Համավարակային այս շրջանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկումներն անցկացրել է հեռավար տարբերակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի՝ դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը, հանձնաժողովն էլ շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, եւ ակնկալվում է մինչեւ 2020թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:

Այսպիսով, երկու տարվա քննարկումների ընթացքում կառավարող ուժի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ բազմիցս խոսել են սահմանադրական փոփոխությունների խիստ անհրաժեշտության մասին, արձանագրել են գործող Սահմանադրության բացերը, նախանշել են հայեցակարգի վերջնական տարբերակի պատրաստ լինելու ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն հետագա քննարկումների արդյունքում պարզվեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ պետք է կլինի 2021 թվականի հունիսին՝ մեկ տարի անց։ Ըստ ամենայնի՝ մշակվում է ծավալուն նախագիծ, որտեղ ներառված կլինեն Փաշինյանի հիշատակած խնդիրները, սակայն սուպերվարչապետական համակարգին անդրադարձ, հավանաբար, չի լինի, քանի որ Փաշինյանն այժմ վստահեցնում է՝ այսօրվա Հայաստանում իր կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումից, եւ երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ, չնայած նրան, որ 2 տարի առաջ հայտարարել էր՝ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել