Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերածությունների մասին լուրը կեղծ է
22:49 - 14 փետրվարի, 2021

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերածությունների մասին լուրը կեղծ է

Փետրվարի 13-ին ժամը 15։30-ին մայրաքաղաք Երեւանից 8 կմ դեպի հարավ-արեւելք երկրաշարժ եղավ, որը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, եղել է 6-7 բալ։  Երկրաշարժը Երեւանում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ եւ առաջացրել է ոչ մեծ փլուզումներ, 3 քաղաքացի էլ քերծվածքներով դիմել է «Էրեբունի» ԲԿ։ Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 46 հետցնցում։

Սրանից ժամեր անց մամուլում հայտնվեցին հրապարակումներ [1,2,3,4], համաձայն որոնց՝ երկրաշարժից ավերվել է Արարատ լեռան լանջի թուրքական ռազմաբազան, եւ կան զոհեր։

Հրապարակումները տարածվեցին նաեւ համացանցի հայկական տիրույթում եւ դարձան քննարկման առարկա։

Երկրաշարժից ավերածություն Թուրքիայում․ հի՞ն, թե՞ նոր

Թուրքիայում տեղի ունեցած աղետի վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Բացի նրանից, որ հրապարակման մեջ առկա նկարը հին է, այն նաեւ կապ չունի թուրքական որեւէ բազայի հետ։ «Գուգլ» նկարների որոնման համակարգի միջոցով հեշտությամբ հնարավոր է պարզել, որ նույն նկարով հրապարակումներ կան դեռեւս անցած տարվա հոկտեմբերից։ 

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից Թուրքիայում այդ ժամանակ փլուզվեց առնվազն 10 շենք, զոհերի թիվը շուրջ 20 էր, վիրավորների թիվն անցավ 800-ը, որի մասին հրապարակումներ եղել են նաեւ հայկական լրատվամիջոցներով։

Երեկ հայկական տիրույթում Թուրքիայում տեղի ունեցած ավերածությունների վերաբերյալ հրապարակումներում կար նաեւ մեկ այլ լուսանկար, որը նույնպես նոր չէ։

Այս լուսանկարը համացանցում բազմիցս տարածվել է եւ ստացել տարբեր մեկնաբանություններ, թե երկրաշարժից ավերածություն է եղել այս կամ այն երկրում։ Այս նկարով հրապարակում է ունեցել նաեւ ռուսական «rbc» պարբերականը, սակայն այստեղ նույնպես նկարը չի արտացոլում եղելությունը։ Փաստն այն է, որ այս նկարը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ, առավել եւս, երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Այսպիսով՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի՝ Թուրքիայում ավերածությունների պատճառ դառնալը իրականությանը չի համապատասխանում, իսկ տարածվող նկարները հին են։  Դրանցից մեկը, մասնավորապես, Թուրքիայում անցած տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից փլուզված շենքի նկարն էր, իսկ մյուսն առհասարակ կապ չուներ Թուրքիայի հետ եւ նույնիսկ պարզ չէ՝ նկարն իրական է, թե ոչ։

Նարեկ Մարտիրոսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել