Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր
15:47 - 14 մայիսի, 2021

Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Մի շաբաթ առաջ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզից, հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով, որ պատերազմի ավարտից մոտ կես տարի է անցել, բայց առաջնագծի կահավորման խնդիր կա։

«Գոնե մեր մարզում (Գեղարքունիքում- խմբ․), ինչպես նաև ականատես եմ եղել Սյունիքում, մենք մեծապես չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունն, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում։ Ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջանական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»,- հարցրեց պատգամավորը։

Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հարցին կոշտ արձագանքեց՝ նշելով․ «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներո՛վ հրապարակեք, ասե՛ք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի ա ստեղից մտնել»։ 

Պատգամավորը հակադարձեց վարչապետի պաշտոնակատարին՝ ասելով․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են։ Այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, ընդամենը հարցրի՝ ինչու է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում»։ 

Պատգամավորի հակադարձմանը և հարցին Նիկոլ Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան՝ ընդամենն ասելով, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թովմասյանը չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է․ «Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»։

Մայիսի 12-ի առավոտյան հայաստանյան մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ադրբեջանական կողմը ներխուժել է Սև լճի՝ ՀՀ տարածքում գտնվող հատված, այսինքն՝ Սյունիքի մարզ։ Պաշտպանության նախարարության՝ ավելի ուշ տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։ 

Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, և վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։

Նույն օրը՝ երեկոյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց «Հանրային» հեռուստաընկերությանը։ Լրագրողը հարցրեց ԱԽ քարտուղարին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորներին հաջողվել ներխուժել ՀՀ տարածք։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Նոյեմբերի 9-ից հետո ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Սահմանագիծը ևս երկարացել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել։ Բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս բոլոր հարցերը կարողանալու ենք կարգավորել․ էնպես չի, որ 94 թվականին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»։

Նույն օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։ Պետրոս Ղազարյանը պատգամավորին ուղղեց նույն հարցը․ ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել ՀՀ սահմանը։ Պատգամավորը պատասխանեց, որ հենակետերի միջև կան տարածքներ, որոնք հենակետային պահմանման տարածքներ չեն․ «Առայժմ սահմանների այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են։ Այսօրվա սահմանների այս վիճակով, եթե նպատակ դրվի սողոսկել, հաստատ կլինի»։

Պետրոս Ղազարյանը հակադարձեց, որ խոսքը ոչ թե դիվերսիոն խմբի մասին է, որին հաջողվել է սողոսկել ՀՀ տարածք, այլ մի ամբողջ վաշտի։ 

«Ես դա համարում եմ սողոսկել, որովհետև հենակետերի արանքի տարածքով են ներս մտել, որոշակի տարածության միջակայքում կան հենակետեր, բայց տարածքներ կան, որտեղ հենակետեր չկան։ Այո՛, այդպիսի տարածքներ կան, հետևաբար, ադրբեջանցիներն օգտվել են այդ առիթից և այդ տարածքով մուտք գործել»,- պատասխանեց պատգամավորը։

Պետրոս Ղազարյանի հաջորդ դիտարկմանը, թե այդ դեպքում ճիշտ են ասում, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Պետք է քննության առարկա դառնա, թե ինչպես են մտել, և պետք է պարզաբանվի, թե արդյոք այդ պայմաններում, ձմեռային պայմաններում հնարավոր էր իրականացնել այդ աշխատանքները, հենակետեր տեղադրել»։

Լրագրողը կրկին հակադարձեց՝ նշելով, որ արդեն գարունն ավարտվում է։ Իսկ պատգամավորն ասաց, որ չնայած գարուն է, բարձր լեռնային գոտիներում ձմեռային իրավիճակը նոր է անցել, շատ վայրերում գուցե դեռ ձյուն կա․ «Բայց պետք է քննության առարկա դառնա՝ արդյոք ինչ-որ մի տեղ պատկան մարմինները՝ պաշտպանության նախարարությունը կամ սահմանապահ զորքերը, թերացե՞լ են, թե՞ ոչ, ինչ-որ անգործություն դրսևորվե՞լ է, թե՞ չի դրսևորվել»։

Ամփոփելով նշենք, որ մի շաբաթ առաջ պատգամավր Թագուհի Թովմասյանը հիմնավորված հարց էր բարձրացրել՝ նշելով, որ սահմանները լավ չեն կահավորված, և դա մտահոգիչ է մեր անվտանգության համար։ Վարչապետի պաշտոնակատարն, ըստ էության, չէր պատասխանել պատգամավորի հարցին, միայն անորոշ ձևակերպումներ էր տվել այն մասին, որ սահմանին կատարվող աշխատանքները պարզապես տեսանելի չեն։ 

Չնայած պատգամավորի հարցին Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ էր, վերջինս նաև ակնակրեց, որ սահմանների չկահավորված լինելու հարցը բարձրացնելով՝ թշնամուն են օգնում, ուղիղ մի շաբաթ անց պարզվեց, որ Թովմասյանի մտահոգությունները տեղին էին։ Վերջինս խոսում էր Գեղարքունիքի և Սյունիքի սահմանների մասին, իսկ ադրբեջանական կողմը սահմանի հենց այդ հատվածներում է ներխուժել ՀՀ տարածք։

Իսկ ՀՀ սահմանն աննկատ հատելը Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով բացատրվում է հետևյալ կերպ․ «Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը հաստատվում են նաև «Իմ քայլի»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններով․ «Այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են»։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել