ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Մարտիրոսյանը 2005-2019 թվականներին զբաղեցրել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը՝ ՀԾ առաջին դասի խորհրդականի դասային աստիճանով, 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ, հիմա չի աշխատում։  Վերջինս մեր զրույցում ասաց, որ ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ է նկատում Դիլիջանում․ նրա կարծիքով՝ ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ «Մեր ժողովուրդը դեռ չի հաղթահարել նախկինում եղած այն վախերը, որ եթե դու կամ քո հարազատներն աշխատում են ինչ-որ տեղ, դու վախենում ես, թե տվյալ պահին ով է իշխանության կամ հետագայում ով կգա։ Ես մասնակցել եմ շատ ընտրությունների, բայց երբեւիցե նման մթնոլորտ չենք ունեցել Դիլիջանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ քաղաքական ուժն է վախի մթնոլորտ ստեղծում։ Մարտիրոսյանն ասաց, որ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերում արտագրել են ՏԻՄ մասին օրենքը, որով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորությունները․ «Մենք փորձել ենք այդ ֆորմատով չգնալ, որովհետեւ ծանոթ ենք քաղաքի խնդիրներին։ Մենք ունենք առողջ թիմ, ու երբ նայում եմ մեր թիմի ու մնացած քաղաքական ուժերի առաջին տասնյակը, մեր մոտ ոչ թե լավ է, այլ շատ լավ է»։ Մարտիրոսյանը նաեւ նշեց՝ խնդիրներ կան, որ ոչ թե ֆինանսական միջոցներ ներդնելու հետ են կապված, այլ կազմակերպչական բնույթի են։ Նրա խոսքով՝ իրենց վերջնական նպատակն է Դիլիջանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, խթանել ու զարգացնել զբոսաշրջությունը։ Մարտիրոսյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց կրթության ոլորտը․ «Մինչեւ 2012 թվականը մենք Դիլիջանում ունեցել ենք բուհի մասնաճյուղ, որը չի գործում, բայց այդ հնարավորությունը կա։ Եթե այն սկսի գործել, դա նաեւ կբերի երիտասարդների աշխուժացմանը։ Կամ, օրինակ, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության մասով․ մենք փորձելու ենք երեխաների ազատ ժամանակը մշակութային եւ սպորտային խմբակների միջոցով լրացնել։ Փորձելու ենք դրա վրա ավելի շատ շեշտ դնել, որովհետեւ իրենք են մեր ապագան, իրենք են որոշելու, թե հետո ինչպիսին է լինելու մեր քաղաքի վիճակը, ինչպիսին է լինելու մեր քաղաքացին»։ Մարտիրոսյանը հավելեց, որ մեծահասակների համար նախատեսում են զբոսաշրջության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ անցկացնել․ «Այսդպես մարդիկ պատրաստ կլինեն եկող մարտահրավերներին։ Մենք սպասարկման ոլորտում ունենք շատ քաղաքացիներ, որոնք Դիլիջանից չեն։ Չեմ ասում, որ բոլոր տեղերում դիլիջանցիները պիտի աշխատեն, բայց Դիլիջանից կան մարդիկ, որ տեղյակ չեն, աշխատած չեն, ծանոթ չեն։ Փորձելու ենք դա ինչ-որ ձեւով կարգավորել»։ Մեր զրուցակիցը նշեց, որ մեր օրենսդրությունը Դիլիջանին հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս․ «2 միլիարդ եւ ավելի ներդրման դեպքում որոշակի հարկատեսակներ հանվում են, տրվում են որոշակի արտոնություններ։ Դրա մասին պետք է գովազդի տեսքով կամ այլ եղանակներով մարդկանց իրազեկել։ Մենք փորձելու ենք դրա վրա հիմնվել, մասնավոր համագործակցությունը ես այսպես եմ տեսնում»,- ասաց Արա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ Դիլիջանում կարող են ներդրումներ արվել, ինչն էլ կբերի աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների կարգավորմանը։  Լուսանկարը՝ «ՔՈ Դիլիջան» ֆեյսբուքյան էջից
12:58 - 13 հոկտեմբերի, 2021
Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել

Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել

«Քաղաքացու որոշում» կուսակցության արդեն նախկին անդամ  Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ է կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել: «Սիրելի լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշուման մասին կուսակցությանը տեղյակացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։ Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար…»,- գրել է Միսկարյանը:
17:27 - 26 հուլիսի, 2021
Սուրեն Սահակյանը ՔՈ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել

Սուրեն Սահակյանը ՔՈ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։ Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրացման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածվելու է և դոմինանտ դառնա։ Դրանք կրող մարդիկ այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ նախկին մտածողությանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունեությամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը և կյանքի կոչմանը։ Սակայն հնարավոր է, որ դրա համար յուրաքանչյուրն ի՛ր ճանապարհն ունենա։ Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որևէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ։ Շնորհակալություն»։
11:18 - 26 հուլիսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
 Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․   «Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում։ Գուցե հարմար միջավա՞յր է ստեղծվել։ Այդ դեպքում ո՞րը կարող է լինել այդ միջավայրի նկարագիրը։ Ընդամենը ինձ հասու տեղեկություններն եմ հրապարակում։ 6/18 ընտրատեղամասում ինձ հետ պատահած միջադեպը, որն ըստ էության այս ընտրությունների ընթացքում միակն էր, երբ պատգամավորի թեկնածուին արգելում էին ձայների հաշվարկի ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս, կապված էր իր ագրեսիվ վարքով, զոռբայությամբ աչքի ընկած ՔՊ կուսակցության մի վստահված անձի հետ։ Վստահված անձն այնքան ազատ էր իր ագրեսիվության մեջ, այնքան էր ոստիկանությունը նրա արարքներին մատների արանքով նայել ողջ օրվա ընթացքում, որ իրեն սկսել էր թվալ, թե ցանկացածին կարող է դուրս շպրտել տեղամասից, հայհոյել, աթոռ շպրտել վրան և դա հանգիստ կմարսվի, կգնա։ Միջադեպից րոպեներ անց տեղամաս հասան ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր։ Բայց հետաքրքրականն այն է, որ մինչև նույնիսկ նրանց ժամանելը արդեն իսկ տեղում էր մի 20 հոգանոց ագրեսիվ տրամադրված խումբ, որը սպառնալիքներ էր հնչեցնում իմ հասցեին։ Ամեն ինչից երևում էր, որ դա կազմակերպված բանդա է (որի մասին հաջորդ օրը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը)․ իսկը նախկին քաղաքական համակարգի լավագույն ավանդույթներով։ Դեռ ոստիկանությունում մի քանի զանգով ինձ հաջողվեց պարզել, որ դա քրեական շրջանակներում հայտնի ոմն «Կանևսկոյի» ազդեցության տակ գտնվող քրեական տարրեր են՝ ըստ էության քրեական աստիճանակարգության մեջ բուրգի ներքին օղակները։ Նույն փնթի տարրերը, պարզվում է, լավ կազմակերպված են, քանի որ նույն գիշերը, միջադեպից ընդամենը ժամեր անց հայտնվել էին կուսակցության գրասենյակի մոտակայքում և ընկերոջս շփոթելով ինձ հետ, կոնֆլիկտ հրահրել, ինչից մեր մոտենալուց հետո հաջողվեց խուսափել։ Ենթադրաբար նույն մարդիկ էլ ընտրության գիշերը ամբողջ Աջափնյակի վարչական շրջանում տեղադրել են ապօրինի տաղավարները և, ինչպես պնդում է Երևանի քաղաքապետը, զինված պայքարում են այդ ապօրինությունը հաստատելու համար։ Ի՞նչ է ստացվում։ Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018 թվականի ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել և կրել, որպեսզի կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարևորը՝ դա տեղի է ունենում, որովհետև քրեական տարրերը ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է Հնին։ Տեղեկացնեմ նաև, որ տեղամասում կոնֆլիկտի համար իմ վրա քրեական գործ կարել չհաջողվեց, որովհետև թեթև վնասվածք ստացած կինը բացառիկ ազնիվ ու անկաշառ էր և հայտնեց, որ իմ դեմ բողոք չունի, քանի որ անհնար է՝ միտումնավոր վնաս հասցրած լինեմ նրան, չնայած հորդդորներին, հրաժարվեց դատաբժշկի մոտ այցելելուց։ Գործը հարուցվեց արդեն հանրային բողոքի հիման վրա՝ իբր ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։ Պատկերացրեցիք, չէ՞՝ ով է օրենքի պահանջը ոտնահարել, ում իրավունքներն են խախտվել և ում են պատրաստվում պատասխանատվության կանչել։ Դե … տեսնենք։ Ամենակարևորը, որ պետք է արձանագրել ապագայի համար՝ անպատժելիությունը ծնում է նոր, ավելի մեծ հանցանքներ։   Հ․Գ․ Կանխելով հարցերը, տեղեկացնեմ, որ թե՛ տաղավարների, թե՛ ՔՊ վստահված անձ ներկայացող քրեական տարրերի հարցերը բարձրացրել եմ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես են դրանք լուծվում»։
11:45 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձ լսելիության, հասանելիության ավելի բարձր մակարդակ ունենան: Եվ եթե այլ մտքեր ունեք, իհարկե նաև՝ այդ մտքերը: Սուրեն Սահակյան - Շնորհակալություն հրավերի համար, պարոն վարչապետ: Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
18:27 - 22 հունիսի, 2021
Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ․ ՔՈ ՍԴԿ

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։ Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և մենք։ Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։
12:15 - 22 հունիսի, 2021
Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։ Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։ Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։ Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․ «Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։
11:42 - 21 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

hetq.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։  «Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս»,-ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ այդքան քվե իրենք ստացել են այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ են մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն․ «Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից»։ Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ «Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
11:45 - 16 հունիսի, 2021
Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․ 1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան 2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան 3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան 4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան 5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան 6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան 7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Կուսինե Ավագյան 8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան 9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան 10․ Զարթոնք կուսակցություն / Արա Զոհրաբյան   Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։
15:32 - 14 հունիսի, 2021