ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր

ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի: Նախատեսվում է նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում: Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել պայմաններին և քննարկել նախատեսվող աշխատանքները: «Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է համագործակցությունը և նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: «Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել քաղաքապետը:
18:13 - 14 հունվարի, 2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թատերական հաստատությունների միավորման խնդիր չի դնում. նախարար |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թատերական հաստատությունների միավորման խնդիր չի դնում. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թատերական հաստատությունները միավորելու խնդիր չի դնում։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  Նրա խոսքով՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին, բացի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը, յուրաքանչյուր միավորի հնարավորություն է տալիս աշխատել և զարգանալ։  «Եթե այդ զարգացումը կա, ուրեմն մենք ունենք կենսունակ թատերական միավոր, որն ունի հանդիսատես և կարողանում է իր մշակութային արտադրանքով պահանջված լինել։ Այդ իմաստով ֆինանսավորման նոր մոդելը բավականին արդար և ազնիվ խաղի կանոն է։ Եթե կլինեն հաստատություններ, որոնք մեր աջակցություններից հետո էլ կդժվարանան այդ մոդելով աշխատել, հարցեր կծագեն այդ հաստատությունների գոյության և գործունեության վերաբերյալ»,-նշեց Անդրեասյանը։  Նախարարը շեշտեց, որ նոր մոդելը հնարավորություն է տվել ծավալել ավելի ինտենսիվ մշակութային գործունեություն. մասնավորապես՝ օպերային թատրոնում կայացել է 250 ներկայացում և 5 առաջնախաղ՝ 150 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 20 տոկոս տարեկան եկամուտների աճ և 37 տոկոս աշխատավարձի բարձրացում։ Տիկնիկային թատրոնում անցկացվել է 745 ներկայացում և 7 առաջնախաղ՝ 115 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 35 տոկոս տարեկան եկամուտների աճ և մինչև 50 տոկոս աշխատավարձի բարձրացում։  Ֆինանսավորման նոր մոդելի հեռանկարը թատերահամերգային մյուս կազմակերպություններին էլ է մղել ավելի ակտիվ աշխատանքի։ Սեփական եկամուտների աճ են գրանցել գրեթե բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մարզային թատրոնները՝ մինչև 30 տոկոսով։  «Իմ ներկայացրած ցուցանիշներից էլ երևում է, որ աճ է գրանցվել, և ես հույս ունեմ, որ բոլորն էլ մեծ հաջողությամբ կհաղթահարեն ամեն բան։ Կարծում եմ՝ իրականում մեր հանրությունը բավականին հետաքրքրվում է մշակույթով։ Այս տարի մենք տեսնում ենք, որ հանդիսատեսի թիվն աճում է, ինչը ցույց է տալիս՝ եթե լինի որակյալ առաջարկ, պահանջարկը կա»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։
14:00 - 08 հունվարի, 2025
Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարարը՝ պեղումների մասին
 |1lurer.am|

Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարարը՝ պեղումների մասին |1lurer.am|

1lurer.am: Հուշագրի շրջանակում պեղումներ են իրականացվել Հատիս լեռան գագաթին, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում իրականացված պեղումներին: «Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու [արձանը], բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով պեղումների արդյունքներին, միաժամանակ հույս հայտնեց, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր: «Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը: Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը թեև ընդունելի էր համարել Քրիստոսի մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել էր հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն՝ մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումն ու մասնագիտական ուսումնասիրությունը։
13:04 - 08 հունվարի, 2025
Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ, ԿԳՄՍ նախարար
 |tert.am|

Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ, ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բուհերի միավորման հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության զարգացման պետական ծրագրով մեզ համար կարևոր բարեփոխման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում։ 2024 թվականի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են բոլոր շահագրգիռ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները, մենք գնացել ենք  այն ճանապարհով, որ յուրաքանչյուր ուղղության համար ներգրավենք նաև միջազգային հեղինակավոր համալսարան, և այս պահին երեք գործընկեր համալսարան ունենք՝ ամեն ուղղության համար: Լոնդոնի արվեստների համալսարանը՝ արվեստների ուղղությամբ, կրթության ուղղությամբ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջն է և տեխնոլոգիական ուղղությամբ Յունֆենի տեխնիկական համալսարանն է: Բավական երկար բովանդակային աշխատանք պետք է արվի, առաջին հերթին մեր պատկերացրած խոշորացված բուհերի հայեցակարգերի մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարը: Վերջինս կրկին ընդգծեց, որ նախարարությունը որևէ առանձին բուհերի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չի քննարկում և չի քննարկելու: «Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի ծրագրին, պետք է նշեմ, որ իհարկե, սա փորձագիտական մտավախություն չէ,  որ մենք ինքներս ամենասկզբից ասում ենք, սա շատ խոշոր ծրագիր է, և բնականաբար այդ ծրագիրը պահանջելու է ֆինանսական լուրջ ներդրումներ։ Այս պահին նաև ակադեմիական քաղաք ծրագրի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով։ Պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա, և մենք այս բոլոր աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերում: Օրինակ ներդրումային ծրագրի մշակման համար նույնպես խորհրդատվական փորձառու կազմակերպության հետ կաշխատենք, որպեսզի թե՛ ֆինանսական գնահատականների տեսանկյունից, թե՛ տնտեսական արդյունավետության տեսանկյունից ունենանք հստակ միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատական, որն էլ թույլ կտա վստահելի գործընկերների ներգրավմամբ ծրագրի ամբողջական իրականացումը առաջ տանել։ Այս հարցը բնականաբար ամենակարևոր հարցերից մեկն է, և քանի դեռ ընթանում են մյուս նախապատրաստական աշխատանքները, զուգահեռաբար նաև սա մեր օրակարգում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
13:00 - 08 հունվարի, 2025
Անցած տարի մեր մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյան |armenpress.am|

Անցած տարի մեր մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցաշարերում 2024 թվականին, ընդհանուր առմամբ, 384 մեդալ են նվաճել: Այս մասին լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Անցած տարին Օլիմպիական խաղերի տարի էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Բայց ունեցանք 4 մեդալ և մարզիկներն արեցին առավելագույնը` լավագույն արդյունքի հասնելու համար: Անցած տարի մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 384 մեդալ: Հատկապես կարևորում եմ այն, որ ոսկե մեդալների թիվն ավելացել է 32 տոկոսով` նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ»,-ասաց նախարարը: Անդրեասյանն առանձնացրեց այն փաստը, որ 2024 թվականին Հայաստան եկած մեդալներից 50-ը նվաճել են կանայք:  «Մենք լուրջ ենք նախապատրասվում 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին, քանի որ ավելի քան 50 երկրից 4000 մասնակից ենք ակնկալում»,-ասաց Անդրեասյանը: Վերջինս խոսեց նաև մասսայական սպորտին ուղղված նախարարության ջանքերի մասին` ընդգծելով ՀՀ «Վարչապետի գավաթի» 5 խոշոր մրցաշարերը, որոնց մասնակցել է 9600-ից ավելի մասնակից: 
12:59 - 08 հունվարի, 2025
ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի և հատկացված գումարը պետբյուջե վերադարձնելու մասին |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի և հատկացված գումարը պետբյուջե վերադարձնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի համերգի հարցով դիմում են, փոխանցում եմ այն տեղեկատվությունը, ինչ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները, և եթե համերգը չկայանա, գումարն արդյոք վերադարձվելո՞ւ է պետբյուջե: «Գիտեմ, որ նրանք (կազմակերպությունը- խմբ.) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները, այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:
12:34 - 08 հունվարի, 2025
Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար․ նա մեկնաբանել է իր որոշումը |armenpress.am|

Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար․ նա մեկնաբանել է իր որոշումը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասաց, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ: «WADA-ում աշխատանքիս զուգահեռ`  ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,-ասաց Գիլոյանը:   Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից։  
12:32 - 08 հունվարի, 2025
Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Պետք է առանձնահատուկ նշեմ ուսուցիչների վարձատրության ծրագրերի մասին: Մենք ունենք 5 տարբեր ծրագրեր՝ բացի դպրոցների պահպանման ստանդարտ ծախսերից: Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն, ինչը կազմում է ուսուցիչների շուրջ 20 տոկոսը: Միևնույն ժամանակ, մենք առանձին ցուցանիշներ ենք առանձնացրել վարձատրության չափերի մասով: Կարող ենք ասել, որ տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան1600 ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում ավելի քան 500 ուսուցիչ, ինչը շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է, թե քանի նոր ուսուցիչ է գրանցվել համակարգում: «Անցյալ ուսումնական տարում մենք տեսել ենք, որ մեր դպրոցներ մուտք գործող նոր ուսուցիչներն ավելի քան 3300-ն են: Կարևոր եմ համարում, որ նոր ուսուցիչների 56.6 տոկոսը՝ կեսից ավելին, աշխատանքի է անցնում գյուղական դպրոցներում: Հատկապես կարևորում եմ, որ շուրջ 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են»,- ասաց նա: 
12:29 - 08 հունվարի, 2025
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից

Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թվականի հունվարի 1-ից: Նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար ներքոնշյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ․ 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով, 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով: Նախարարի հրամանով հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ցուցակը․ այս խմբում գտնվող ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:
15:41 - 30 դեկտեմբերի, 2024
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը: «Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ Հետևաբար, որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն։ Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ սա վերաբերում է միայն դպրոցների գործադիր մարմնին՝ տնօրենին և վարչատնտեսական համակարգողին (առկայության դեպքում), իսկ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց և կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ գործող օրենսդրությանը, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն են։ Ինչ վերաբերում է շրջանառվող այն տեղեկատվությանը, թե դպրոցներից հետ է գանձվել տնտեսված միջոցների մի մասը, պետք է նշել, որ ՀՀ կառավարության 22․09․2022թ․ թիվ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նույն կարգի 7-րդ կետի համաձայն, ՀՀ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրել է ուսումնական հաստատությունների կապիտալ հրատապ անելիքները և առաջիկայում պատրաստվում է Կառավարության քննարկմանը ներկայացնել տնտեսված միջոցների մյուս մասը այդ հրատապ կարիքներին ուղղելու նախագիծը։ Հարկ է նշել նաև, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։ 2024 թվականին այս ֆոնդի շրջանակում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 25 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
18:48 - 27 դեկտեմբերի, 2024
«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին: «Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար: Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում: «Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը: «Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը: Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում: «ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ։
18:03 - 26 դեկտեմբերի, 2024
Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍ նախարարություն

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍ նախարարություն

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:   Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:   Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումն ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին և չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:   Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում։
20:36 - 24 դեկտեմբերի, 2024
Վարազդատ Լալայանը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել

Վարազդատ Լալայանը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:
19:46 - 24 դեկտեմբերի, 2024
Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները: Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի առնի երեխայի լավագույն շահը՝ միանշանակորեն բացառելով որևէ տեսակի բռնություն դպրոցներում: «Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ, որն անթույլատրելի է: Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում և այս երևույթի բացառման ուղղությամբ մենք պետք է ջանքերը համատեղենք և ավելացնենք»,- ասել է նախարարը` ընդգծելով Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավումը հատկապես այս ուղղությամբ: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ձեռքբերումները և 2025 թվականի մարտահրավերները՝ շեշտելով վերահսկողական և կանխարգելիչ գործընթացների բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Հանդիպմանը ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները ուղղել են իրենց հուզող հարցերը, մտքեր փոխանակել կրթության որակի բարձրացման և Տեսչական մարմնի աշխատանքը կատարելագործելու վերաբերյալ: Գործընկերները դրական են գնահատել տեսչական մարմնի գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները։ Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։
19:07 - 23 դեկտեմբերի, 2024