Հռոմի Պապ

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։ 69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։ Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումների ուղղությունը։ Փրևոստը շուրջ տասը տարի աշխատել է Պերուի Տրուխիլյո քաղաքում, այնուհետև 2014–2023 թվականներին ղեկավարել է Չիկլայոյի եպիսկոպոսությունը։ Վատիկանի լրատվականին տված հարցազրույցում՝ եպիսկոպոսների դիկաստերիայի ղեկավար նշանակվելուց հետո, Փրևոստը նշել էր. «Ես դեռ ինձ միսիոներ եմ համարում։ Իմ կոչումը, ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի, մնում է նույնը՝ լինել միսիոներ և քարոզել Ավետարանը»։
21:27 - 08 մայիսի, 2025
Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար |armenpress.am|

Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար |armenpress.am|

armenpress.am: Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում և այսօր՝ մայիսի 7-ին, կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթացը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո, կեսօրին կարդինալները կգնան Սիքստինյան կապելլա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։ Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունենա արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապ։ Այնուհետև բոլորը կսպասեն այնքան, մինչև Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կա։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն կլինի, իսկ եթե սպիտակ ծուխ ելնի ծխնելույզից, ուրեմն կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։ Լուսանկարը՝ AP photo, 2005թ․, Վատիկան
10:20 - 07 մայիսի, 2025
Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը |armenpress.am|

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է: Պապին հուղարկավորել են Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ:   Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում: Մասնակցել են տասնյակ երկրների առաջնորդներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլք:  Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:  Արարողությանը մասնակցել է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:   88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:      
17:55 - 26 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան  կապակցությամբ։  Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։  «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ ․․․Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով և անարդարությամբ վիրավորված աշխարհի, ի մասնավորի արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում։  Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչպես և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության և խաղաղության, ինչպես և ողջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց մխիթարության համար։
14:21 - 22 ապրիլի, 2025
Հռոմի պապը այսօր խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

Հռոմի պապը այսօր խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։ «Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։ Սուրբ Պետրոսի հրապարակից հղած ուղերձում Ֆրանցիսկոս պապը նաև իր զորակցությունն է հայտնել Իսրայելին, միաժամանակ ընդգծել Գազայի ժողովրդի տառապանքները՝ կոչ անելով հակամարտող կողմերին հրադադար հաստատել և ազատ արձակել գերիներին։ Հիշատակելով մոլորակի այլ հատվածներում շարունակվող հակամարտությունները՝ Հռոմի պապը դիմել է քաղաքական առաջնոդներին՝ կարիքավորներին օգնելու, խաղաղություն տարածելու խնդրանքով։
10:06 - 21 ապրիլի, 2025
Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում |armenpress.am|

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Սուրբ Պետրոս հրապարակում Հիվանդների ու առողջապահական գործիչների հոբելյանական սուրբ պատարագի ավարտին, որը մատուցել է Գերապ. Ռինո Ֆիզիքելլան՝ կարդալով այս առիթով Սրբազան Պապի պատրաստած քարոզը, Նորին Սրբությունը անակնկալ կերպով ներկայացել է հրապարակ՝ նախքան վերջին օրհնությունը։ Vaticannews-ը տեղեկացնում է, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոս հրապարակում զետեղված ամբիոնից  պատարագիչ Գերապայծառի հետ միասին բոլոր ներկաներին շնորհել է իր առաքելական օրհնությունը, ապա տկար, բայց հստակ ձայնով բոլորին մաղթել բարի կիրակի։ «Բարի կիրակի բոլորիդ և շնորհակալություն», - ասել է Սրբազան Պապը, և, հասկանալով, որ իր առաջին ողջույնի խոսքը լսելի չէ եղած բոլորին, մեկ անգամ ևս կրկնեց իր ողջույնը, մինչ Սուրբ Պետրոս հրապարակում գտնվող հազարավոր հավատացյալները հուզումնալից ծափահարությամբ ընկալել են Քահանայապետին ու նրա ողջույնի խոսքերը։ Այս առաջին անգամն էր, որ Նորին Սրբությունը փետրվարի 14-ից հետո հայտնվել է Սուրբ Պետրոս հրապարակում և խոսք ուղղել հավատացյալներին։ Հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան է:  
10:01 - 07 ապրիլի, 2025
Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի |armenpress.am|

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։  Այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։   Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայացրել է մարտի 28-ին։ Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմաու վանքի կղերական միաբանություն և ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիուս անունը։   Նա Ալեքսանդրիայում փայլել է իր քարոզներով ինչպես արաբերենով, այնպես էլ թուրքերենով։ Այնուհետև նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց դրան հաջորդող տարում վերադարձել է Ալեքսանդիա՝ տեսողական խնդիրների պատճառով։   1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական Փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան: Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»: Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի են ենթարկել։ Նա երանելի է հռչակվել է Սուրբ Հովհաննես Պողոս II պապի կողմից 2001 թվականին։ 
16:23 - 01 ապրիլի, 2025