Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|
14:13 - 12 դեկտեմբերի, 2024

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը:

Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները:

2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: 

Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։

Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում: 

«Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։ 

Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:
«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։

Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։  

«Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։ 

«Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն:

Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել