Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր
15:49 - 26 ապրիլի, 2021

Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 26-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական է համարել, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա  հոբելյանի տարում: 

Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշել է Արա Այվազյանը: 

Նախարարները շոշափել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը  ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը: 

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք են եղել Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ:

«Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծել է Արա Այվազյանը: 

Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են  եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրն առավոտյան նախարար  Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել