Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը
21:33 - 10.հունիսի.2021

Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը

Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվել է, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաև կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված և Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը:

Փոփոխությունը միտված է ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնելուն ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովման համար:

Նշվել է, որ օրենսդրական փաթեթը քննարկման երկար փուլ է անցել: Այն համաձայնեցվել է նաև դատական իշխանության հետ:

Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված նոր հանգամանքներով՝ գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա: Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ՝ անձի` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլև այն դեպքում, երբ կողմերի միջև կհաստատվի հաշտության համաձայնություն կամ ՀՀ-ն հանդես կգա միակողմանի հայտարարությամբ:

Հարակից զեկուցմամբ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման և ՀՀ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու համար: Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել