«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով
16:07 - 04 դեկտեմբերի, 2023

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով

Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը մշակել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, վերաբերում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50.000 ստորագրություն: 58.000 քաղաքացիներ միացել են նախաձեռնությանը: Այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցը քննարկվել է «Հայաստան» խմբակցության` նոյեմբերի 24-ին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Արդյունքում նախատեսվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը մեջբերումներ է կատարել խորհրդարանական երեք քաղաքական ուժերի` ԼՂ հիմնախնդրի լուծմանը վերաբերող նախընտրական ծրագրերից` ընդգծելով, որ դրանցում կարմիր թելով անցնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի լուծման տրամաբանությանը, ընդհանուր պետության փաթեթին, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարի վերաբերմունքին, «Հայաքվե» նախաձեռնության հիմնավորման տեքստին, ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորումներին, ԼՂ-ում 2023 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, ԼՂ լուծարման մասին հրամանագրին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե ինչու հայտարարությունը չի ձեւակերպվել որպես օրենքի նախագիծ եւ ներկայացվել հանձնաժողովին: «Մի սուբյեկտն ուժ կիրառեց, պատասխան չստացավ, հաջորդ սուբյեկտն ասաց` անվտանգության համար պատասխանատու եմ, ուժ կիրառվեց, էլի անպատասխան մնաց: Ինչո՞ւ փաստաթղթում չկա դրա արձանագրումը»,- հետաքրքրվել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորի հարցին ի պատասխան` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայտարարության մեջ պատրաստ են իրացնել առաջարկները:

Խոսելով հայտարարությունը նախագծով փոխարինելու առաջարկի մասին` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տպավորություն է, թե սահմանադրական կարեւորագույն սուբյեկտին` քաղաքացիներին, ուզում են փոխարինել մեկ պատգամավորով: Խորհրդարանականը նշել  է, որ դեմ է նման մոտեցմանն ու տեղեկացրել, որ յուրաքանչյուր կողմ իրացնում է իր իրավունքը:

Հայտարարության նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով ողջունել է սահմանադրական ինստիտուտի գործարկումը: Պատգամավորն այն որպես ժողովրդավարական նվաճում է որակել:

«Նախագիծն ինքնուրույն բովանդակություն չունի, այն որեւէ եղանակով առարկայական հարց չի ծածկում, որն ընդգրկված է ԱԺ գալիք նիստերի օրակարգում, այն առաջ է քաշվել, որպեսզի հնարավոր լինի լսումներ անցկացնել: Բովանդակային մասով այն արտացոլում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը եւ պարունակում է որոշակի առաջարկներ, որոնք օրենսդրական առանձին քննարկման առարկա կարող են դառնալ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն ու առաջարկել արձանագրել, որ հայտարարությունն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը, այն է` լսումները տեղի են ունեցել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հանձնաժողովականներին դեմ քվեարկել հայտարարության նախագծին:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հակամետությանը, այն լուծելու մասով վարված բանակցություններին: Հնչել են քաղաքական գնահատականներ:

Հայտարարության նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել քվեարկության փուլում` այն լրամշակելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել