arm.sputniknews.ru: Առաջիկա մեկ-երկու ամսում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոր սկաներներ կտեղադրվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել թմրանյութերը և կանխել դրանց մուտքը ՔԿՀ։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ինչպե՞ս են թմրանյութերը ներթափանցում ՔԿՀ-ներ։ Ճիշտ է` սկաներներ դրվել են, սակայն միայն հանձնուքների հատվածում, բայց թե՛ ծառայողները, թե՛ ճաշատեսակները, որոնք տեղում չեն պատրաստվում, այլ դրսից են գնվում, ՔԿՀ են մտնում առանց սկանավորման»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ այս խնդրի լուծման համար ՀՀ վարչապետի կողմից արդեն ունեն հանձնարարություն և ընդունել են չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկը, որի արդյունքում առաջիկա մեկ-երկու ամսում տեղի կունենա նոր սկաներների գնում։
«Արմավիր» ՔԿՀ-ում՝ այդ խաչմերուկային տեղում, ստեղծվելու է մի համակարգ և՛ ուտելիքի, և՛ հանձնուքի, և՛ ծառայողների համար, որի արդյունքում գոնե «Արմավիր» ՔԿՀ որևէ մարդ չի կարողանա մտնել առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար դժվար է իդենտիֆիկացնել, որ թմրանյութը վատ, անպարկեշտ ու կոռումպացված ծառայողի միջոցով է մտել կամ ուտելիքի կամ հանձնուքի միջոցով կամ այլ եղանակով, օրինակ՝ դրոնով էլ են այսօր կարողանում թմրանյութ մտցնել ՔԿՀ»,- հայտարարեց Մինասյանը։
Ըստ նրա՝ այդ պատճառով հարցը փորձել են լուծել թվայնացման միջոցով։
comment.count (0)