Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորների թեկնածուների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ուսումնասիրել և ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Վերջինս էլ հայտարարագրել է ամենաշատ դրամական միջոցները։ Հայտարարագրման պահին Ծառուկյանն ունեցել է 877մլն 300 հազար ՀՀ դրամ, 52մլն 850 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն 1400 եվրո, որն ընդհանուր դրամի վերածած կազմում է 31 մլրդ 205 մլն 921 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 25 անշարժ գույք, այդ թվում՝ 5 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 2 հասարակական նշանակության շինություն, 1 բնակարան, 1 ինքնակամ կառույց և 14 հողամաս։ Բացի անշարժ գույքից Ծառուկյանը հայտարարագրել է 14 շարժական գույք՝ «BMW X5 4.4», «Toyota, Land Cruiser Prado v6 4.0 I», «Jeep, Wrangler 4.0», «Rolls-Royce, Coupe Phantom 6.7», «Nissan, Patrol Safari 4.8», «Range Rover, sport 4.4», «Toyota, Tundra 5.7», «Mercedes-Benz, G-63 AMG», «BMW, X5 M 4.4», «Toyota, Land Cruiser 200 4.5 TD», «Rolls-Royce, Silver Spur 6.7», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Bentley, Bentayga», «Rolls-Royce, Cullinan 6.7», «BMW, X6 Xdrive 35i 3.0» և «Nissan, Patrol Safari 4.8»։
Ծառուկյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 43 թանկարժեք գույք, այդ թվում՝ 15 ննջարանի կահույք՝ 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, 10 նախասրահի կահույք՝ 1 մլն 511 հազար եվրո արժողությամբ, 4 ճաշասենյակների կահույք՝ 787 հազար 800 եվրո արժողությամբ, 1 խոհանոցի կահույք՝ 110 հազար եվրո արժողությամբ, 1 փայտյա կահույք՝ 118 հազար 458 եվրո արժողությամբ, 1 վարագույր՝ 251 հազար 799 եվրո արժողությամբ, 1 ադամանդե քարով ձեռքի ժամացույց՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 2 ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե մատանի ադամանդե քարերով՝ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե ձեռքի ժամացույց՝ 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 1 ոսկե շղթա՝ 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և 20 ջահ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո արժողությամբ։ Ընդհանուր առմամբ բոլոր թանկարժեք գույքերի գումարը դրամի վերածած կազմում է 7 մլրդ 451 մլն 897 հազար ՀՀ դրամ։
Ծառուկյանն արժեթղթեր և ներդրումներ ունի «Ալլեր Աքվա Էյ Եմ», «Ռանեբ», «Արբեն», «Գլոբալ Մոթորս», «Կլեոպատրա», «Մուլտի Ֆարմ», «Մուլտի Ակվամարին», ««Շուստով» Առևտրի Տուն», «Արսիլիցիում», «Մուլտի Մոթորս», «Բելլեզզա», «Օնիրա Քլաբ», «Պրեվելոն Քոնսալթինգ Լիմիթեդ», «Օլիմպավան», «Մուլտի Գրուպ Ինվեստբել», «Ֆիրմա Նյու», «Տեխնալյումին», «Մուլտի Ավտոտրանս», «ՄԳ Եվրոպա», «Մուլտի Գրուպ Եվրոպա», «Բալկան Պետ Քոմպանի», «Մուլտի Ինտերտրանս», «Մուլտի Դայմոնդ», «Մուլտի Սոլար», «Մուլտի Քարս», «Մուլտի Ուլենես Կենտրոն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Մուլտի Գրուպ Կոնցերն», «Մուլտի Սիսի», «Մագաս Ինվեստ», «Մուլտի Գրուպ Սթոուն», «Մուլտի Ռեստ Հաուս», «Երևանի Քիմիա-Դեղագործական Ֆիրմա», «Բիզնես Տեխնոպլազա», «Ֆիրմա Տիխվիզ», «Զվարթնոց Հենդլինգ», «Գորնա Բանյան», ««Կոտայք» Գարեջրի Գործարան», «Միրա-Ջի», «Էկոֆիշ-Թրեյդ», «Ա․Ա․Դ․ Հոթել», «Եուրոմոթորս», «Մուլտի Արմս», «Մխչյան Ֆիշֆուդ», «Արմօյլ», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ», «Երևանի Արարատ Կոնյակի Գինու-Օղու Կոմբինատ», «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։ Ընդհանուր՝ 54 ընկերությունում։
Ծառուկյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրում արժեթղթեր և ներդրումներ է ունեցել 45 ընկերությունում։ Այս 2,5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում նա բաժնեմասեր է ձեռք բերել «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ», «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված Կարապետ Գուլոյանը հայտարարագրման պահին ունեցել է 1 մլրդ 920 մլն ՀՀ դրամ և 407 հազար 205 ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 2 մլրդ 129 մլն 734 հազար։ Բացի դրամական միջոցներից Գուլոյանը հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Դակավա Քոնսթրաքշն» և «Էլեկտրամոնտաժ» ընկերություններում։
Հայտարարագրած դրամական միջոցներով երրորդը Կառլեն Մինասյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 200 մլն ՀՀ դրամ, 170 հազար ԱՄՆ դոլար և 60 հազար եվրո գումար, որը դրամի վերածած կազմում է 324 մլն 870 հազար։ Բացի դրամական միջոցներից Մինասյանը հայտարարագրել է 1 շենք շինություն և 1 «BMW 745» ավտոմոբիլ։ Մինասյանը բաժնեմասեր ունի «ԷԴՄ Սոլար», «Արմ Սոլար», «Դուստր Սոլար», «Լայմ Սթոն», «Մալիշկա Ռեսուրսիս» և «Վայք Ռեսուրսիս» ընկերություններում։
Միքայել Մելքումյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ և 331 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 175 մլն 765 հազար։ Բացի դրամական միջոցներից Մելքումյանը հայտարարագրել է 3 շենք-շինություն։
Հրանտ Մադաթյանը հայտարարագրման պահին ունեցել է 88 մլն ՀՀ դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 100 մլն 360 հազար։ Բացի դրամական միջոցներից Մադաթյանը հայտարարգրել է 1 սեփական տուն և 4 հողամաս։
Պատգամավորի թեկնածու և ներկայիս պատգամավոր Քաջիկ Գևորգյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 բնակարան, 1 բնակելի տուն, 1 գյուղական նշանակության հողամաս և 1 ավտոմոբիլ՝ «BMW M5» մակնիշի։ Գևորգյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք զարդ՝ ժամացույց՝ ընդհանուր 69 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Տուֆ-ստոն» և «Քաջ-տանս» ընկերություններում։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 31 մլն 430 հազար ՀՀ դրամ։
Հրանտ Դավթյանը բաժնեմասեր ունի «Խճաքար-Մուսա», «Ղարիբ», «Այոս», «Արմարկ», «Մանիգրանտ» և «Ապտես» ընկերություններում։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 1 տուն, 4 շենք և շինություն, 7 հողամաս և 2 ավտոմոբիլ՝ «Mercedes Benz S500L» և «Toyota Camry 2.5Gas» մակնիշների։ Դավթյանը որպես դրամական միջոց հայտարարգրել է 1 մլն 266 հազար ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 3 մլրդ 391 մլն 920 հազար ՀՀ դրամ, 54 մլն 320 հազար 450 ԱՄՆ դոլար, 5 մլն 152 հազար 100 եվրո և 900 հազար ռուբլի։ Բոլոր գումարային միջոցները դրամի վերածած կազմում է 34 մլրդ 572 մլն 257 հազար ՀՀ դրամ։ Միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են կուսակցության բոլոր թեկնածուների դրամական միջոցների 90,3%-ը։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)