Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ
14:36 - 27 օգոստոսի, 2021

Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում բուժաշխատողների մինչեւ 40 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ։

Նախարարի այս հայտարարության վերաբերյալ սոցցանցերում կասկածներ էին շրջանառվում, ուստի հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ հստակեցնելու՝ քանի՞ բուժաշխատող կա Հայաստանի Հանրապետությունում, նրանցից քանի՞սն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, նրանցից քանի՞սն են ստացել առաջին, եւ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։

Հուլիսի 19-ի մեր գրության կապակցությամբ օրեր առաջ նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում կա 42,209 բուժաշիատող՝ վարչական և տեխնիկական անձնակազմը ներառյալ, այդ թվում՝ 19,985-ը հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող բուժաշխատող:

Մեր ստացած պատասխանի համաձայն՝ օգոստոսի 17-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, որից՝ 12,199 առաջին դեղաչափ, 3714՝ երկրորդ դեղաչափ։

Պատվաստված բուժաշխատողների թիվը կստանանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարած մոտ 40 տոկոսը, եթե դիտարկենք այն, որ 42,209 բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, այսինքն՝ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել է Հանրապետության բուժաշխատողների 37,71%-ը:

Սակայն եթե դիտարկենք երկու դեղաչափ ստացած բուժաշխատողներին, ապա լիարժեք պատվաստված է համարվում միայն 3714 բուժաշխատող՝ Հանրապետության բուժաշխատողների 8,79%-ը։

Իսկ հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող 19,985 բուժաշխատողներից միայն 9760-ը կամ 48,8%-ն է պատվաստվել, սակայն նախարարությունից չեն հստակեցրել՝ նրանցից քանիսն է ստացել առաջին, իսկ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։

Այսպիսով, թեեւ Անահիտ Ավանեսյանի ասած թիվն, ըստ էության, սխալ չէ, սակայն փոքր ինչ շփոթեցնող է, երբ հնչեցվում է, որ պատվաստվել է բուժաշխատողների մինչեւ 40%-ը, քանի որ 40%-ը պատվաստանյութի միայն առաջին դեղաչափ է ստացել, իսկ լիարժեք պատվաստված համարվում են միայն երկրորդ դեղաչափ ստացած անձինք։ Ուստի առավել ճշգրիտ է նշել, որ Հանրապետության բուժաշխատողներից միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ, 28,91%-ը՝ մեկ դեղաչափ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել