Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծումն անհրաժեշտություն է․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացնում
12:09 - 03 նոյեմբերի, 2021

Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծումն անհրաժեշտություն է․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասուլիս է հրավիրել՝ խոսելու Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին։

Պաշտպանը զեկույց է մշակել, որը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը։ Զեկույցը մշակվել է Սյունիքում եւ Գեղարքունիքում մեկ տարվա անդադար ուսումնասիրությունների հիման վրա։

Թաթոյանի խոսքով՝ անվտանգության գոտի է անհրաժեշտ, որպեսզի ադրբեջանցի զինվորականները, նրանց դրոշները, տեսախցիկները, սարքերը հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարեւանությունից եւ մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից․ «Առանց դրա չի կարող լինել մարդկանց իրավունքների եւ բնականոն կյանքի վերականգնում։ Եւ ոչ թե մենք, այլ նրանք պետք է հեռանան։ Նրանց բոլոր տեղակայումներն անօրինական են։ Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել միջազգային ոչ մի չափանիշներ։ Այստեղ անհրաժեշտ էր ուսումնասիրել, վերլուծել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման վերաբերյալ հարցերը․․․ Խորհրդային Միության ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը։ Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովվում մարդու իրավունքները, պրոցեսը չի համապատասխանում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության կանոններին, չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ ՀՀ պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի․ դա 1կմ տարածքով դեպի Հայաստանի խորքն ընկած տարածքն է, իսկ պատերազմից հետո մեր գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում․ «Մենք ունենք բնակավայրեր, որտեղ ընդամնեը մի քանի մետրից սկսած մարդկանց տներ են։ Նշանակում է՝ մենք պետք է իրավունքների նոր խախտումներ, նոր տեղահանվածնե՞ր ունենանք, իհարկե ոչ։ Դրա համար մենք հիմնավորել ենք նրանց հեռացումը։ Եւ հիմնավորել ենք միջազգային բոլոր չափանիշներով»,- ասաց ՄԻՊ-ը։ Պատրաստած զեկույցը շուտով կհրապարակվի։

Պաշտպանը բացառիկ զարգացում համարեց այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021-ի սեպտեմբերի 27-ին ընդունեց բանաձեւ, որտեղ տեղ գտավ Հայաստանի ՄԻՊ-ի առաջարկը․ «Այդ կետը հստակ ամրագրում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու համար»։

Թաթոյանը Google քարտեզի վրա մանրամասնորեն ցուցադրեց, թե ադրբեջանցիները որ տարածքներում են տեղակայված։ Ընդ որում՝ նա նշեց, որ մայիսի ներխուժումից առաջ էլ հակառակորդի զինծառայողները մեզ պատկանող հողերի վրա են գտնվել։ Նա մատնանշեց հատկապես Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերը, որտեղ պարբերաբար կրակում էին քաղաքացիների տների ուղղությամբ։ Թաթոյանը նաեւ ցուցադրեց իրենց արած լուսանկարը, որտեղ երեւում է, որ Վերին Շորժայի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմը ադրբեջանցի զինվորականների ուղիղ նշանառության տակ է։

Պաշտպանը խոսեց նաեւ Կապանի օդանավակայանին հարող հատվածներում ադրբեջանցիների դիրքերի մասին՝ նշելով, որ դրանք էլ ուղիղ սպառնալիք են Կապանի բնակչության համար։ «ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները փաստահավաք աշխատանքների ընթացքում լուսանկարներ են արել, որոնք ցույց են տալիս, որ հակառակորդը դիրքերը տեղակայել է հենց օդանավակայանի թռիչքուղուն շատ մոտ տարածքներում։ Տեղակայվելով այդտեղ՝ ադրբեջանցիները կարողանում են վերահսկողություն իրականացնել M2 միջպետական ավտոճանապարհի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել