2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել․ ԼՂ-ի կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ․ Նիկոլ Փաշինյան
21:40 - 24 դեկտեմբերի, 2021

2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել․ ԼՂ-ի կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ․ Նիկոլ Փաշինյան

Ներկայում ՀՀ-ն ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, եթե բանակցությունները երբեւէ մեկնարկեն, ՀՀ-ն արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի եւ հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը․ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ ամենակարեւոր, բայց նաեւ որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ կարողանան հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը․

«Բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ ԼՂ ինքնավար Մարզը երբեք, ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում։ Որովհետեւ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, նշանակում է՝ ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական բնակչություն»,- ասաց Փաշինյանը։

«Ենթադրենք հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբեք, բայց ենթադրենք, եթե հայկական մեկնաբանության պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն ադրբեջանցիները։ Ենթադրենք՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը։ Հիմա, երբ ինքնորոշման իրավունքը ենթադրենք իրականացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց․ իսկ ԼՂ-ի ադրբեջանցիներն այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պիտի առաջանային»,- հարց հնչեցրեց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը խոսում է բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին։

Այս համատեքստում, Փաշինյանի խոսքով, ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պիտի արձանագրվեր․ «Այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն, կամ էլ մի նախադասություն է վերցված, դարձրած դրոշակ։ Բայց այդ փաթեթը նույնիսկ մի փաստաթղթից չէ ձեւավորված։ Եւ երբ ես ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, հենց էս համատեքստը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ»։

2016-ին, ըստ Փաշինյանի, ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ՝ ՄԽ համանախագահների կողմից, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ․ «Բայց աղետը սա չէ․ այդ փաթեթներում նշվել է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն եւ այլն (որն, իմիջիայլոց, հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում եւ գովազդվում է), բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ-ի էդ ժամանակավոր իրավիճակը եւ կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ էդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Ադրբաջնի, ՀՀ-ի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական եւ պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»։

Այստեղ, Փաշինյանի խոսքով, խնդիր կա․ «Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է՝ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթում։ 2016-ում հարցի լուծման պարամետրերըը տեղափոխվում են ՄԱԿ ԱԽ։ 2017-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասում է, որ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը, ինքը հենց էս նկատի ունի։ Հիմա բանն եկավ-հասավ ՄԱԿ ԱԽ։ Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու էս հարցով ՄԱԿ ԱԽ-ն։ Ինչ հարց է էստեղ լուծվելու մի հարց՝ ԼՂ-ի՝ մինչեւ վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջնակյալ կարգավիճակով, Ղարաբաղն, ի վերջո, ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, որովհետեւ 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է․ ա․ Ադրբեջանի՝ ԼՂ տարածաշրջան, ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016-ի բանակցային գործընթացում։ Սա կարեւոր է, որ եթե ԼՂ էդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել