Թուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով (Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է1936 թվականին։ Կոնվենցիայով վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ) սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար դիվանագիտական բազմակողմ նախաձեռնությունները»։
Նախագահ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գնահատում է Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի մղած պայքարը։
Պետության ղեկավարը հայտնել է, որ մինչ օրս 5000 Թուրքիայի քաղաքացիներ լքել են Ուկրաինայի տարածքը և տեղափոխվել իրենց հայրենիք և այլ երկրներ։
«Մենք կշարունակենք տարհանման ընթացակարգերը՝ առկա խնդրանքների համաձայն»,- հավելել է նա։
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նախագահ Էրդողանն ընդգծել է, որ «ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կհաղթահարենք ճգնաժամը Սև ծովի հյուսիսում, ինչպես բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվել է մեր երկիրը վերջին շրջանում»։
Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, բայց միեւնույն ժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։
Երկրի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Անկարան միշտ խստորեն կատարել է իր պարտավորությունները այն ինստիտուտների և դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի։
comment.count (0)