Համաշխարհային ուղղափառությունում տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում․ Meduza
17:45 - 23 մարտի, 2022

Համաշխարհային ուղղափառությունում տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում․ Meduza

Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) թեմերը մեկը մյուսի հետևից դադարում են պատարագների ժամանակ հիշատակել Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) պատրիարք Կիրիլի անունը, ՈւՈւԵ որոշ հոգևորականներ արդեն ինքնավարության կոչ են անում։ Դա արձագանք է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի քարոզներին, որը փաստացի սատարել է պատերազմն՝ այն անվանելով «մետաֆիզիկական պայքար»։ Նրա դիրքորոշումն, իհարկե քննադատում են նաև ՌՈւԵ օտարերկրյա թեմերը։ Մոսկվայի պատրիարքարանը, որը սատարում է Կրեմլին, պատրիարք Կիրիլի «կայսրական շրջադարձի» պատճառով կարող է շատ բան կորցնել, գրում է Meduza-ն, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

«2022 թ-ի մարտի 6-ին՝ Ներման կիրակի, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսո պատրիարք Կիրիլը քարոզ կարդաց Քրիստոս Փրկիչ տաճարում։ Այդ ժամանակ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա (այդ երկիրը ներառված է ՌՈւԵ կանոնիկ ենթակայության տարածքում) ընթանում էր արդեն երկրորդ շաբաթը։ Այս քարոզը ՌՈւԵ առաջնորդի առաջին հստակ ելույթն էր պատերազմի մասին։

«Ութ տարի փորձում են ոչնչացնել այն, ինչ կա Դոնբասում։ Իսկ Դոնբասում կա մերժում, այսպես կոչված արժեքների սկզբունքային չընդունում, որոնք այսօր առաջարկվում են նրանց կողմից, ովքեր համաշխարհային իշխանության հավակնություն ունեն․․․ Այսօր այդ իշխանության նկատմամբ հավատարմության յուրօրինակ թեստ կա, յուրօրինակ անցաթուղթ դեպի «երջանիկ» աշխարհ, դեպի ավելորդ սպառման, տեսանելի «ազատության» աշխարհ։ Գիտե՞ք, թե դա ինչ թեստ է։ Դա շատ պարզ և միաժամանակ սարսափելի թեստ է՝ գեյ-շքերթը», - ասել է պատրիարք Կիրիլն իր քարոզի ժամանակ։

Նա հավելել է, որ այդ «թեմայի շուրջ» իսկական «պատերազմ է գնում», իսկ ուղղափառ մարդիկ «մտել են պայքարի մեջ, որը ոչ թե ֆիզիկական, այլ մետաֆիզիկական նշանակություն ունի»։ Քարոզում նա Ուկրաինան հիշատակել է միայն մեկ անգամ՝ հայտարարելով, որ այնտեղ «ճնշում և կոտորում են Դոնբասի մարդկանց»։

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, խաղաղության վերականգնման համար իր աղոթքում պատրիարքը խոսել է «օտարալեզուների» մասին, որոնք «պատերազմ են ուզում և Սուրբ Ռուսիո դեմ են դուրս եկել»։

Իր հաջորդ քարոզում մարտի 9-ին նա Ռուսաստանի և Ուկրաինայի բնակիչներին անվանել է «միասնական ռուս ժողովուրդ» և ասել, թե «երրորդ կողմն» ուզում է «թուլացնել Ռուսաստանը, որն իրոք ուժեղ և հզոր երկիր է դարձել»։

«Ռուսիան մի երկիր է, մի ժողովուրդ, բայց շատ ուժեղ գտնվեց այս ժողովուրդը, և նրա ուժից վախեցած հարևանները սկսեցին ամեն ինչ անել, այդ ժողովրդին պառակտելու, այդ ժողովրդի մասերին ներշնչելու, որ նրանք բնավ մի ժողովուրդ չեն, - ասել է պատրիարքն իր նոր քարոզում։ - Եվ մենք գիտենք, թե ինչ սարսափելի գագաթնակետի են հասել այդ ներշնչանքի հետևանքները․․․ Եվ սարսափելի է, որ որոշ կրոնական կազմակերպություններ կան (լեզուս էլ չի պտտվում նրանց կրոնական ասել), որ իրենց քարոզներում խոսում են եղբայրական ռուս ժողովրդի դեմ պայքարի անհրաժեշտության մասին»։

Ըստ ամենայնի՝ պատրիարքը նկատի ուներ ՈւՈւԵ հոգևորականներին և Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական եկեղեցու ղեկավար միտրոպոլիտ Օնուֆրիին, որը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման  հաջորդ օրը կատարվածն անվանել էր «ռազմական գործողություններ» և ՈւՈւԵ հավատացյալներին կոչ արել աղոթել ուկրաինական զորքերի համար։

Մարտի սկզբին արդեն հայտնի էր Ուկրաինայում 15 թեմերի մասին, որոնք դադարել են տաճարներում հիշատակել պատրիարք Կիրիլի անունը։ Մարտի երկրորդդ կեսի համար կարելի է խոսել շուրջ 20 թեմերի մասին։ Ընդհանուր առմամբ Մոսկվայի պատրիարքարանի ՈւՈւԵ-ն ունի 52 թեմ։

«Մոսկվայի պատրիարքարանի ամսագգրի» նախկին պատասխանատու խմբագիր Սերգեյ Չապնինի խոսքով՝ «պատարագների անցկացման հին ավանդույթի համաձայն՝ ծառայության ժամանակ բավական է հիշատակել միայն տվյալ եկեղեցու եպիսկոպոսի անունը»։ Սակայն ՌՈւԵ-ում հիշատակվում է նաև պատրիարքը․ դա եկեղեցական ղեկավարության նկատմամբ քաղաքական հավատարմության յուրօրինակ արտահայտում է։ «Երբ համայնքը դադարում է դա անել, նա հավատարմություն չի արտահայտում պատրիարքին, ոչ ավելին», - մեկնաբանել է կրոնագետը։

ՈւՈւԵ Սումիի թեմի եպիսկոպոսները որպես պատրիարքին չհիշատակելու պատճառ նշել են այն, որ պատրիարք Կիրիլը «ոչ մի փորձ չի ձեռնարկել՝ պաշտպանելու Ուկրաինայի տառապող ժողովրդին»․

«Այս ծանր իրավիճակում․․․ մենք որոշել ենք դադարել հիշատակել Մոսկվայի պատրիարքի անունը մեր պատարագների ընթացքում։ Այս որոշումը թելադրված է նաև մեր հավատացյալների պահանջով, որոնք, ավաղ, էլ չեն ուզում մեր տաճարներում լսել պատրիարք Կիրիլի անունը»։

ՈւՈւԵ որոշ թեմեր (օրինակ՝ Լվովի, Ժիտոմիրի, Ռովնոյի) ընդհանրապես ղեկավարությանը կոչ են արել շարժվել դեպի լիակատար անկախություն ՌՈւԵ-ից։

Ռուսաց եկեղեցու պատրիարքի դիրքորոշումը քննադատել է նաև Փարիզի արքեպիսկոպոսարանը, որը նույնպես ՌՈւԵ կազմում է, ինչպես նաև Լիտվայի թեմի առաջնորդը։

Բացի այդ, հաշտության և պատերազմի դադարեցման կոչ պարունակող հանրագրի տակ ստորագրել է Ռուս ուղղափառ եկեղեցում ծառայող ավելի քան 280 հոգևորական։

Կրոնական հարցերի փորձագետները, որոնց հետ զրուցել է Meduza-ն, գրեթե չեն կասկածում, որ Մոսկվայի պատրիարքարանի ՈւՈւԵ-ն կլքի Ռուս ուղղափառ եկեղեցու շարքերը, և ընդգծում են, որ դա շատ լուրջ կորուստ է ՌՈւԵ-ի համար։

«Դա շուրջ 12,5  հազար ծխական համայնք է, ավելի քան 10 հազար հոգևորական», — նշում են նրանք։

Meduza-ի կողմից հարցված բոլոր փորձագետները կանխատեսում են, որ ՈւՈւԵ-ն ՌՈւԵ-ից դուրս գալու որոշում է կայացնելու ռազմական գործողությունների ավարտից հետո։

Մոսկվայի պատրիարքարանը, սակայն, կարող է կորցնել ոչ միայն ՈւՈւԵ-ն, այլև Արևմտաեվրոպական արքեպիսկոպոսարանը, որի առաջնորդն արդեն քննադատել է պատրիարք Կիրիլի դիրքորոշումը։ Եկեղեցուց կարող են անջատվել նաև Եվրոպայի առանձին ծխական համայնքներ։

Կրոնի սոցիոլոգ Նիկոլայ Միտրոխինի կարծիքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցուց կարող է անջատվել նաև մոլդովական եկեղեցին։

Իսկ «Մոսկվայի պատրիարքարանի ամսագրի» նախկին խմբագիր Սերգեյ Չապնինն ասում է․

«Ռուսաստանը [Ուկրաինայի պատերազմի պատճառով] քաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ է հայտնվել, Ռուս ուղղափառ եկեղեցին, ըստ ամենայնի, նույնպես շուտով կմեկուսանա ողջ քրիստոնյա աշխարհից՝ եկեղեցու ղեկավարության կողմից պատերազմի արդարացման պատճառով»։

Կատարվող իրադարձությունները պատրիարք Կիրիլի և ՌՈւԵ-ի՝ նրան հավատարիմ բարձրաստիճան հոգևորականների կայսրական եկեղեցական քաղաքականության հետևանքն են, կարծում են փորձագետները։

Սերգեյ Չապնինն էլ պատրիարք Կիրիլի գործունեությունն անվանում է «կայսրական եկեղեցու վերականգնման փորձ»՝ ինչպես տարածքների վերահսկման, այնպես էլ պետական մեքենային մոտ լինելու տեսանկյունից»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել