«Սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու վերջնական կարգավիճակի ճշգրտումը»․ Փաշինյան
 |civilnet.am|
15:58 - 07 ապրիլի, 2022

«Սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու վերջնական կարգավիճակի ճշգրտումը»․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի կառավարության նիստի մեկնարկին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում երեկ կայացած հանդիպման մասին։ Նա ընդգծեց, որ երկու ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել, մեկով՝ երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է շփվել, բանակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ և երկրորդով՝ ստեղծել երկկողմ հանձնաժողով դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերով։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց. «Մեզ համար սկզբունքային նշանակութուն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Փաշինյանն ասաց, որ այս կետերը ընդգրկված են եղել Ադրբեջանին նախկինում հասցեագրված հայկական կողմի պատասխանում, և դրանք պիտի դառնան բանակցությունների առարկա։

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու աշխատանքների մասին խոսելով՝ Փաշինյանը շեշտեց՝ հանձնաժողովն ունենալու է նաև երկրորդ մանդատը՝ սահմանին անվտանգության ու կայունության ապահովումը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է,  և այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ:

«ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որ ՀՀ վերահսկողության ներքո են։ Այս հարցերը պիտի լուծվեն դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- ասաց Փաշինյանը։ Այս հարցով աջակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս հարցով կան տարընթերցումներ․ բանակցությունները շարունակվելու են։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության թեման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել