Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից. Արցախի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն
20:38 - 14 ապրիլի, 2022

Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից. Արցախի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն

Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջգիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։ Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։

Արցախահայության անունից դիմում ենք 

 • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն  կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:

 • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

 • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում  առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:

 •  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել