Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը
14:58 - 03 հունիսի, 2022

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։ 

Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել