«Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է 2001 թ․, նախագահն Արամ Սարգսյանն է։ 

2003-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ստացել է 1 մանդատ, 2007-ի խորհրդարանական ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։ 2017-ի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ելք» դաշինքով։ 

2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մասնակցել է «Մենք» դաշինքով։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը։

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 16 մլն ՀՀ դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 29 մլն 345 հազար ՀՀ դրամ։ Արամ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 հողամաս, 1 տարածք և 2 տրանսպորտային միջոց՝ «Hyundai Tuscani 2.0» և «Mercedes-Benz G 350» մակնիշների։ Սարգսյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլար արժողությամբ ժամացույց և 16-րդ դարի նկար, որի արժեքը գնահատված չէ։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածուն բաժնեմասեր ունի «Գալիք», «Հատուկ ցեմենտ» և «Կավաշեն» ընկերություններում։ Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Ռոբերտ Մանուկյանն է։ Վերջինս հայտարարագրել է 157 մլն ՀՀ դրամ և 340 հազար ԱՄՆ դոլար, որը, ՀՀ դրամի վերածած, կազմում է 331 մլն 250 հազար։ Մանուկյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 արտադրամաս, 1 տնամերձ հողամաս և 2 գյուղատնտեսական հողամաս։ Մանուկյանը «Սամ-Հար» ընկերության բաժնետեր է։ Պատգամավորի թեկնածու Մանվել Ղազարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 24 մլն 553 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Ղազարյանը հայտարարագրել է 1 բնակարան և ձեղնահարկ, 12 հողամաս և 1 բեռնատար։ Մանվել Ղազարյանը 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք է հայտարարագրել՝ 20 հազար դոլար արժողությամբ ժամացույց և նկար, որի արժեքը գնահատված չէ։ Ղազարյանը բաժնետոմսեր ունի «Վեդի-Ալկո» և «Արմավիրի կաթի գործարան» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածու Քրիստինա Սարոյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 3000 եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 22 մլն 232 հազար դրամ։ Սարոյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք 2 գույք՝ 18-րդ դարի 2 նկար, որոնց արժեքը գնահատված չէ, և 9 մլն դրամ արժողությամբ ժամացույց։ Պատգամավորի թեկնածու Ելենա Ասրիյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարգրել է 5 մլն ՀՀ դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար և 7000 եվրո, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 37 մլն 520 հազար ՀՀ դրամ։ Ասրիյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 բնակարան, 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 3 նկար և 5 զարդ, որոնց արժեքը գնահատված չէ։ Մասիս Շիրոյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն ՀՀ դրամ։ Չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 28 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Rolex» և 29 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breitling» ժամացույց։ Պատգամավորի թեկնածու Նելլի Պողոսյանը չի աշխատում, չունի եկամուտներ, չունի դրամական միջոցներ, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեռ» ժամացույց, 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հնաոճ կահույք և 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նկար։ Տիգրան Տեր-Մարգարյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 8 մլն ՀՀ դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 23 մլն 907 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Մարգարյանը հայտարարգրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 21 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Bovet» ժամացույց, 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breguet» ժամացույց և 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 կարատ ադամանդ։ Պատգամավորի թեկնածու Հայկ Սահակյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ, 5000 դոլար և 1200 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 11 մլն 110 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Սահակյանը հայտարարագրել է 12 մլն դրամ արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույց և անտիկվար նկար, որի արժեքը գնահատված չէ։ Ընդհանուր առմամբ, «Հանրապետություն» կուսակցության՝ պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 430 մլն 80 հազար 600 ՀՀ դրամ, 925 հազար ԱՄՆ դոլար, 274 հազար եվրո և 695 հազար ռուբլի, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 1 մլրդ 76 մլն 115 հազար ՀՀ դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
18:03 - 16.հունիսի.2021
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 10-ին քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում: Կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ Արմավիրի մարզում քարոզարշավն իրականացնելու ժամանակ այցելել է Վաղարշապատ և Արմավիր քաղաքներ և այդ ընթացքում 10 կմ քայլել է: Խոսելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին` Սարգսյանը շեշտեց, որ այդ վիճակից դուրս գալու համար պետք է շահագործել ունեցած բնական ռեսուրսները: «Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա»,- նշեց Արամ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող են լուծել նաև հանքերի շնորհիվ: Սարգսյանը բոլորին հորդորեց անպայման գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, իսկ նրանք, ովքեր զոհվեցին, նույնպես հայրենիքի առաջ պարտքն էին կատարում: Ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել, դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն»,- ընդգծեց Սարգսյանը՝ դիմելով գեղարքունիքցիներին:
12:16 - 11.հունիսի.2021
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09.հունիսի.2021
Միկրոֆոնով չեն խոսելու, բակեր չեն մտնելու. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը նոր ձեւաչափով է լինելու |armtimes.com|

Միկրոֆոնով չեն խոսելու, բակեր չեն մտնելու. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը նոր ձեւաչափով է լինելու |armtimes.com|

armtimes.com: «Հանրապետություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր մեկնարկեց Երեւանի Հանրապետության հրապարակից: «Մեզնից աջ Հանրապետություն փողոցն է, որը ավարտվում է Հանրապետության հրապարակով, մենք այստեղ հավաքվածներս Հանրապետություն կուսակցության անդամներ ենք ու պատահական չէ, որ մեր քարորզարշավը պիտի սկսեր այստեղից: Մենք պատահական չենք ընտրել մեր անունը, մեր նպատակն է ստեղծել օրինակելի հանրապետություն, հանրապետություն, որում մարդիկ պաշտպանված են արտաքին թշնամիներից ու կարողանում են իրենց ինքնությունը պաշտպանել եւ գոյատեւել»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:   Այնուհետեւ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չեն խոսելու, բակեր չեն մտնելու, մարդկանց անդորրը չեն խաթարելու, մարդկանց սրտերը չեն կոտրելու: Ներկաներին հրավիրեց Հյուսիսային պողոտայի իրենց շարժական /շրջիկ շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: «Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով՝ բուկլետի փոխարեն քաղաքացիներին են տալու իրենց թերթոնները: Կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարարԱրտակ Զեյնալյանը, որը իդեպ, «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում երկրոդ համարի ներքո է՝ նշեց, որ տեղեկատվական թերթիկի ներքեւի մասում անձը կարող է թողնել իր պատգամը, ուղերձը, կամ հանձնարարությունը «Հանրապետություն» կուսակցությանը: «Մենք ունենք նաեւ մեր կուսակցության զինանշանով փոստարկղ, որտեղ էլ կարող են քաղաքացիները թողնել իրենց կողմից գրված պատգամը»,-ասաց նա:
20:30 - 07.հունիսի.2021
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05.հունիսի.2021
«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. «2021-ի մայիսի 12-ից՝ խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի հիմնարար սկզբունքները` ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք և հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Հնդկաստանինև այլ երկրների դատապարտող հայտարարությունների՝ դուրս չեն գալիս: Այս ընթացքում բախումների ժամանակ եղել են վիրավորներ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը»։
09:43 - 26.մայիսի.2021
Սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային․ «Հանրապետություն» կուսակցություն

Սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային․ «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է համարում սահմանների ճշգրտման գործընթացը և կողմ է հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։«Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու երկրներին։«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը»,- ասված է կուսակցության տարածած գրառման մեջ։
20:53 - 21.մայիսի.2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս.թ. մայիսի 20 ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից փաստացի պարտադրվող նոր համաձայնագրին պաշտոնական Երեւանը մտադիր է հավանություն տալ, արտահայտելով միայն մեկ վերապահում, այն է` ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի դուրս բերում: Առկա իրավիճակում, երբ. - Արցախյան հակամարտությունը չի ստացել իր վերջնական կարգավորումը, - չեն կատարվում 2020թ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կարեւորագույն դրույթները, այն է` գերիների վերադարձ, հաղորդակցության ուղիների անվերապահ ապաշրջափակում, - Ադրբեջանում չեն թաքցնում տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` շարունակական հայատյաց թունավոր պրոպագանդայի պայմաններում, - Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական ներխուժման կապակցությամբ մինչ այժմ ստացված միջազգային արձագանքները (առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ, Ֆրանսիա) ներառում են Արցախյան կարգավորումը եւ միջպետական սահմանազատումը որպես մեկ միասնական փաթեթով համալիր քննարկման առաջարկ և պարունակում են հնարավորություն միջազգային մանդատի, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի, ու ընդհանրապես՝ նման բարդ, արյունոտ եւ տասնամյակներով ձգվող հակամարտություն ունեցող երկրների միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա, հակամարտության կարգավորվածության, միջէթնիկ թշնամության պատճառների դե յուրե և դե ֆակտո վերացման դեպքում, իսկ դա հնարավոր է կրկին միջազգային մանդատի ներքո Արցախյան հակամարտության վերջնական, սպառիչ, համապարփակ կարգավորման պայմաններում։ 2․ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունը պետք է անհապաղ ընդունի և հրապարակի իր որոշումը Արցախյան հարցի վերջնական կարգավորման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալիզացման պլան, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի բացառապես այդ պայմաններով խնդիրների փաթեթային լուծման տարբերակը։ 3.Սահմանազատման խնդրի դե յուրե կամ դե ֆակտո տարանջատումը հակամարտության կարգավորումից մեծ վտանգներ է պարունակում, սանձազերծելով հակամարտության թեժացման, այլ ոչ թե հակամարտության կարգավորման տրամաբանությամբ մի գործընթաց, որը վերածվելու է Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու և կամայականորեն սահմանագծելու, նոր սահմանազանցումների ազդեցիկ լծակի։ 4․ Նման ճակատագրական և բախտորոշ որոշումներն առավել ևս չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում, առանց հանրային կարծիքի ու շահերի վերհանման, մանավանդ անօրինական պարտադրանքի ներքո, ինչը կարող է հանգեցնել ժողովրդավարության վիժեցմանը Հայաստանում եւ քաոսի սպառնալիք ստեղծել ոչ միայն երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում: «Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետությանը որոշումներ պարտադրելու ցանկացած փորձ` դաշնակից համարվող երկրների երկդիմի դիրքորոշման պայմաններում, եւ կոչ է անում գործող իշխանությանը ձեռնպահ մնալ միջազգային հանրության վերահսկողություն դուրս գտնվող, ոչ թափանցիկ բանակցություններին մասնակցելուց, մինչեւ չստեղծվեն պատշաճ պայմաններ` մեր երկրի կենսական շահերը հաշվի առնելով կառուցողական գործընթացների համար»։
17:23 - 20.մայիսի.2021
«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:   «Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան` «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին»,- ասվում է կուսակցության քաղխորհրդի հաղորդագրության մեջ:  
14:48 - 14.մայիսի.2021